Հայաստանում ավելանում են բուսական արտադրանքի որակի ստուգման կարողությունները, բայց կոնյակի պարագայում դեռևս աշխատանք կա անելու. Գևորգ Պապոյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանը հետզհետե մեծացնում է արտահանվող արտադրանքի որակի ստուգման կարողությունները, ինչը նպաստում է այդ գործընթացում ծագող խնդիրների լուծման հեշտացմանը: Ներկայում որոշակի աշխատանք կա կատարելու միայն կոնյակի որակի արտոնագրված ստուգումը Հայաստանում իրականացնելու ուղղությամբ: Ակնկալվում է, որ այդ խնդիրն էլ կլուծվի գալիք տարվա հունվար կամ փետրվար ամիսներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Լաբորատոր կարողությունները շարունակաբար ավելացնում ենք. բազմաթիվ ապրանքների գծով դրանք արդեն ստեղծված են մեր երկրում: Եթե բուսական արտադրանքը Հայաստանում անցնում է այդ փորձաքննությունը և ստանում է որակի սերտիֆիկատ, ապա հեշտությամբ արտահանվում է այլ երկրներ: Սակայն կոնյակի մասով դեռևս որոշակի աշխատանք պետք է կատարվի: Նախնական տվյալներով՝ հունվար կամ փետրվար ամիսներին կունենանք լաբորատորիա, որտեղ իզոտոպերն ամբողջությամբ կստուգվեն և պարզ կլինի՝ կոնյակը պատրաստված է խաղո՞ղի, թե՞ այլ սպիրտից: Այդպիսով, այն փորձաքննությունները, որոնք հիմա անցկացվում են, օրինակ, Վրաստանում, արդեն կանցկացվեն Հայաստանում: Դա, բնականաբար, հնարավորություն կտա միանգամից ապահովել արտահանումը»,-նշեց նախարարը:
Նա հավելեց, որ ներկայում խնդիրների մեծ մասն արդեն լուծված է: Պապոյանը հուսով է, որ դեռևս պահպանվող առանձին դժվարությունները կհաղթահարվեն լաբորատոր կարողությունների վերջնական ձևավորման արդյունքում: Իսկ դա, ըստ նախարարի, որոշակի ժամանակ է պահանջում՝ կապված համապատասխան մասնագետների պատրաստման և արտոնագրման հետ։