Թրամփը վաշինգտոնյան հանդիպման կադրերով հիշեցրել է «Խաղաղություն ուժի միջոցով» մոտեցման արդյունավետությունը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր «Truth Social» հարթակում տարածել է Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հրապարակումը, որտեղ ընդգծում է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության «Խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքի արդյունավետությունը։
«Սա խաղաղություն է ուժի միջոցով գործողության մեջ, և արդյունքներն անհերքելի են», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Դոնալդսի գրառման մեջ։
Գրառմանը կցված են ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, ինչպես նաև կադրեր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից։
Հրապարակման մեջ թվարկված են նաև հակամարտություններն ու երկրները, որտեղ, ըստ Դոնալդսի, Թրամփի նախագահության տարիներին խաղաղության գործընթացում առաջընթաց է գրանցվել։
Դրանց թվում են Հայաստան-Ադրբեջան, Կամբոջա-Թաիլանդ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն-Ռուանդա, Եգիպտոս-Եթովպիա, Հնդկաստան-Պակիստան, Իսրայել- Բահրեյն, Իրան, Մարոկկո, Սուդան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սերբիա- Կոսովո։