Քաղաքականություն

Մոսկվան Երևանից և Բաքվից սպասում է քայլերի «3+3» հանդիպման կազմակերպման համար. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Մոսկվան Երևանից և Բաքվից սպասում է քայլերի «3+3» հանդիպման կազմակերպման համար. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը և Ադրբեջանը գործնական քայլեր կձեռնարկեն՝ արագ հնարավորությամբ համաձայնեցնելու «3+3» ձևաչափով հերթական հանդիպման վայրն ու ժամկետները։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա արդյունավետ հարթակ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասի համար կարևոր հարցերի քննարկման առումով։ Մոսկվան պատրաստ է աջակցել գործընկերներին բոլոր ուղղություններով»,- ընդգծել է Զախարովան և ավելացրել, որ ՌԴ-ն առաջնահերթ է համարում Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն հաշտեցման հաստատումը։ 

«3+3» ձևաչափով խորհրդակցական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես էին եկել Թուրքիան ու Ադրբեջանը։ Հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք  Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։ «3+3» ձևաչափով ևս մեկ հանդիպում ԱԳ նախարարների մակարդակով անցկացվել է 2024 թվականի հոկտեմբերին, Ստամբուլում։ Վրաստանը Ստամբուլի հանդիպմանը ևս չէր մասնակցել։ 

Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «3+3» ձևաչափի վերագործարկման ճիշտ ժամանակն է։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում