Եվրոպա

Եվրախորհրդարանի երկու խմբակցություններ նախատեսում են Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն նախաձեռնել

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի երկու խմբակցություններ նախատեսում են Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն նախաձեռնել

Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ ուղղվածության խմբակցությունները սեպտեմբերի 10-ի՝ լույս 11-ի գիշերը մտադիր են խնդրել նոր քվեարկություն անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Politico-ն։

Նախաձեռնություններից մեկը պատրաստել է աջ և ծայրահեղ աջ քաղաքական գործիչներին միավորող «Հայրենասերները՝ Եվրոպայի համար» խումբը: Խմբակցությունում մասնավորապես դժգոհ են Միացյալ Նահանգների հետ ֆոն դեր Լայենի կնքած առևտրային համաձայնագրից։

Քվեարկության առանձին հայտ են մտադիր ներկայացնել ձախերը, որոնց առևտրային հարցերից բացի մտահոգում է Գազայի հատվածում հակամարտության նկատմամբ Եվրահանձնաժողովի անգործությունը:

Politico-ն նշում է, որ ֆոն դեր Լայենը վայելում է Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունը, ուստի նրան անվստահություն հայտնելու հավանականությունը փոքր է։ Սակայն, կենտրոնամետ դաշինքները կարող են ֆոն դեր Լայենից զիջումներ կորզելու հնարավորություն ստանալ, ինչպես դա արեցին անվստահության վերաբերյալ հուլիսին տեղի ունեցած վերջին քվեարկության ժամանակ։

Հուլիսին Եվրախորհրդարանում տեղի էր ունեցել Եվրահանձնաժողովի նախագահին անվստահություն հայտնելու քվեարկություն: Այն ժամանակ նախաձեռնությանն աջակցել էին 175 պատգամավորներ, դեմ էին արտահայտվել 360-ը, իսկ 18-ը ձեռնպահ էին մնացել։

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում