ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով հասել է 27,2 միլիարդ դոլարի
1 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով 2018 թվականի համեմատությամբ աճել է 21,8%-ով՝ հասնելով 27,2 միլիարդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«ԵԱՏՄ-ի պետությունների և ԱՍԵԱՆ-ի երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով 2018 թվականի համեմատությամբ աճել է 21,8%-ով և հասել 27,2 միլիարդ դոլարի, ինչը ցույց է տալիս համագործակցության գործնական արդյունավետությունը», - ասել է ԵԱՏՀ-ի ղեկավար Բակիտժան Սագինտաևը, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ:
Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ն տեսնում է ԱՍԵԱՆ-ի հետ գործընկերության որակապես նոր մակարդակի անցնելու հեռանկարը:
«Այդ առումով մենք առաջարկում ենք մեր հարաբերություններին տալ նոր կարգավիճակ՝ ԱՍԵԱՆ-ի գործող մեխանիզմների շրջանակներում։ Այդ նպատակը ստացել է եվրասիական «հնգյակի» բոլոր երկրների միաձայն աջակցությունը և ամրագրված է մեր հիմնական ռազմավարական փաստաթղթերում», - հայտնել է Սագինտաևը: