Հայաստանն ու Չինաստանը հաստատում են ռազմավարական գործընկերություն. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը

4 րոպեի ընթերցում

Թիենծին քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՉԺՀ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը: Սի Ծինփինն արժևորել է երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունները և հավելել, որ երկկողմ փոխգործակցությունը կայուն զարգացում է ապրում: Նա շեշտել է, որ ՉԺՀ-ն  անվերապահորեն աջակցում է Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ, ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: Սի Ծինփինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին` նա կարևորել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը` ընդգծելով, որ այն պետք է լիարժեք բացահայտի երկկողմ տնտեսական փոխգործակցության ներուժն ու հետևողական քայլեր ձեռնարկի այն իրացնելու համար:  

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև միմյանց համար կարևորություն ներկայացնող հարցերում փոխաջակցության ցուցաբերմամբ։ Վարչապետի խոսքով` Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին: Երկրի ղեկավարը կարևորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջտարածաշրջանային կայունության և ինտեգրացիայի բարձրացմանն ուղղված ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը և նշել, որ այն լավագույնս կարող է շաղկապվել նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Հայաստանն առաջիններից է պաշտոնապես միացել։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններն այսօրվա հանդիպման արդյունքում նորովի կզարգանան ու կամրապնդվեն: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հետևողական կերպով կբարձրանա առևտրատնտեսական համագործակցության մակարդակը, կիրականացվեն ներդրումային համատեղ նոր ծրագրեր: Երկրի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է չինական ընկերությունների կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմամբ: 

Նշվում է, որ հանդիպման արդյունքներով կողմերը հայտարարել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն, ինչի մասին ընդունվում է համատեղ հայտարարություն:

Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կարևորել են համագործակցության խթանումը նաև գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվության, չափագիտության և այլ ուղղություններով: 

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը` անդամակցելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը ՇՀԿ շրջանակում: 

ՀՀ վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ մեկնարկել է դիմավորման արարողությամբ։ Նրան և տիկնոջը՝ Աննա Հակոբյանին Թիենծինի «Բինհայ» միջազգային օդանավակայանում պատվո պահակախմբի մասնակցությամբ դիմավորել են ՉԺՀ Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար Լեյ Հայչաոն և Թիենծին քաղաքի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի նախագահ Շենգ Մաոլին:

Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Հայերեն العربية English Français Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին