Երևանի քաղաքապետը հանձնարարեց մինչև տարեվերջ անցկացնել աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթ
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց մինչև տարեվերջ անցկացնել աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Ավինյանը նման հանձնարարական տվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվեց նաև Նուբարաշենի աղբավայրում օգոստոսի 8-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքները։
Քաղաքապետն ընդգծեց, որ նման իրավիճակները կանխելու համար ավելի վաղ քննարկվել է աղբի վերամշակման գործարանի համար երկփուլ մրցույթ անցկացնելու հարցը։
«Ես մտահոգված եմ, որ այս միջավայրում պարբերաբար չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում այդ մրցույթի հետ կապված։ Եթե չեմ սխալվում դա հանձնարարված էր բնապահպանության վարչությանը և մեր համապատասխան ԾԻԳ-ին։ Ես այսպես կդնեմ հարցը՝ կա՛մ մինչև տարեվերջ այդ մրցույթը կկայանա, կա՛մ ես արդեն համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևանի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել չենք կարող։ Խնդրում եմ ձեզ մինչև տարվա վերջ բերել հստակ, վերջնական լուծումով, հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ»,-շեշտեց Ավինյանը։