Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս է լինելու. ՀՀ էկոնոմիկայի նախարար
2 րոպեի ընթերցում

Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս է լինելու, ու դա լինելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական պահպանմամբ և փոխադարձության սկզբունքի հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Խաղաղություն լինելու’ է։
Պատերազմ չի’ լինելու։
Ապաշրջափակում լինելու’ է։
Տնտեսական հզորացում լինելու’ է։
Տրանսպորտային կապերը բացվելու’ են։
Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու’ է։
Ու այս ամենը լինելու ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական պահպանմամբ և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- գրել է նախարարը:
Ավելի վաղ Վաշինգտոնում գործող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, որն առաջինն էր հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման մասին, X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում միջանցքային տրամաբանությունը դուրս է եկել, իսկ եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է տարանցման և զարգացման նոր պլանի վրա, որը կոչվելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։
«Միջանցք այլևս չկա։ Գագաթնաժողովի ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա»,- գրել է Ռաուֆօղլուն՝ շեշտելով, որ ԱՄՆ պաշտոնյաները իրեն ասել են, որ պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։