ԵԱՏՄ երկրների և երրորդ երկրների միասնական մաքսային համակարգի շնորհիվ ակնկալվում է մեծացնել տարանցման պոտենցիալը

4 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ  նախագահի հրամանագրի նախագծին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հուլիսի 31-ի նիստում համաձայնագրի վերաբերյալ մանրամասները ներակայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է տարանցման միասնական համակարգ ԵԱՏՄ ու համակարգի կողմ հանդիսացող երրորդ երկրների միջև։

Մասնավորապես՝ ներկայում Եվրասիական տնտեսական միությունում արդեն գործում է նման համակարգ։ Համաձայնագրով հնարավորություն է ընձեռվում, որ երրորդ երկրները միանան այդ համակարգին, որը կիրառվելու է, երբ ապրանքները տարանցիկ փոխադրվեն համակարգի կողմ հանդիսացող երկրների տարածքով։ 

Միասնական համակարգը թույլ է տալու մաքսային տարանցման հայտարարագիրը ներկայացնել մեկ անգամ։ 

«Արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտները մեկ անգամ են հանդիպելու այդ գործընթացին, և դա ճանաչվելու է ԵԱՏՄ-ի ու համապատասխան երկրների միջև։ Միության և երրորդ երկրների միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեությունը հիմնվելու է հինգ հիմնական կարգավորումների վրա, որոնք միտված են առևտրի և արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտների գործունեության դյուրինացմանը»,-նշեց Հակոբյանը։

Ըստ այդմ՝ երրորդ երկրներին հնարավորություն է ընձեռվելու միանալ արդեն իսկ գործող միասնական էլեկտրոնային համակարգին։ 

Կիրառվելու է հարկերի, տուրքերի հատուկ հակագնագծման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման  ընդհանուր ապահովում։ «Ներկայում մաքսային մարմինները տարբեր երկրներում կիրառում են տարբեր ապահովումներ, երաշխիքներ և, ըստ էության, համաձայնագիրը հնարավորություն է տալու, որպեսզի երկրները, երբ միանան ԵԱՏՄ միասնական համակարգին, մեկ անգամ երաշխիք ուզելով հնարավորություն տան, որ այդ տարանցումը տեղի ունենա»,-պարզաբանեց ՊԵԿ նախագահը։

Մյուս կարգավորումները վերաբերում են անդամ երկրների և երրորդ երկրների լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումներին,

մաքսային տարանցման ընթացակարգով միության և երրորդ երկրների մաքսային տարածքներով փոխադրվող ապրանքների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը։

Բացի այդ՝ մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումները և մաքսային հսկողության արդյունքները փոխադարձորեն կճանաչվեն։

«Այս գործընթացները թույլ են տալու, որ մաքսային բոլոր ընթացակարգերը մեկ անգամ տեղի ունենան, փոխճանաչվեն, միմյանց միջև փոխանակեն տեղեկատվությունը, որն էապես դյուրինացնելու է արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտների գործունեությունը և մաքսային մարմինների հետ առնչվելու ժամանակահատվածը»,-համոզմունք հայտնեց Հակոբյանը։

Համակարգը գործելու է երրորդ երկրների հետ մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխգործակցության հիման վրա։ Միաժամանակ՝ երրորդ երկրների հետ փոխգործակցության համակարգումն իրականացնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ որպես Միության կառավարող մարմինը։

«Սրանով մեծանում է Միության և անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարանցման պոտենցիալը։ Հայաստանի դեպքում տարանցման պոտենցիալն, ըստ էության, կարող է մեծանալ, եթե հարևան երկրները, օրինակ՝ Իրանը, միանան այդ համակարգին։ Դա հնարավորություն կտա այդ ընթացակարգերը միասնականացնել և մեկ անգամ Իրանի տարածքում տարանցման հայտարարագիր բացելու դեպքում դա ճանաչվի ԵԱՏՄ համակարգում, միաժամանակ նախնական տեղեկատվություն կստացվի մեզ մոտ, և փոխադրողների դեպքում երկրորդ անգամ այդ գործընթացն անցնելու կարիք չի լինի»,-ընդհանրացրեց ՀՀ ՊԵԿ նախագահը։  

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն