Աշխարհ

Զելենսկին լսել է ցուցարարների պահանջները և հակակոռուպցիոն մարմինների մասին նոր օրինագիծ ներկայացրել Գերագույն ռադա

2 րոպեի ընթերցում

Զելենսկին լսել է ցուցարարների պահանջները և հակակոռուպցիոն մարմինների մասին նոր օրինագիծ ներկայացրել Գերագույն ռադա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատանքի մասին նոր օրինագծի համաձայն՝ այս մարմինը չի ենթարկվի գլխավոր դատախազությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկին հուլիսի 24-ին Գերագույն ռադա է ուղարկել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մասին նոր օրինագիծ, որը պետք է փոխարինի Ուկրաինայի խորհրդարանի կողմից անցյալ շաբաթ հաստատված օրենքին։ Ուկրաինայում բողոքի ցույցեր էին սկսվել այն բանից հետո, երբ Գերագույն ռադան հաստատել, իսկ Զելենսկին ստորագրել էր Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության մասին օրենքը, որով այդ մարմիններն անցնում էին գլխավոր դատախազի վերահսկողության տակ։ Մարդիկ մտահոգված էին, որ օրենքը խաթարում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը։

ԵՄ ներկայացուցիչները նույնպես մտահոգություն էին հայտնել օրենքի ընդունման կապակցությամբ։

«Մարդիկ փոփոխություններ են խնդրել։ Մենք արձագանքել ենք», - լրագրողներին ասել է Զելենսկին՝ մեկնաբանելով նոր օրինագիծը Գերագույն ռադային ներկայացնելու իր որոշումը։

«Եթե օրենսդիրների կողմից նախանշված որոշ փոփոխությունների պատճառով կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը կորցնելու վտանգ կա, ապա մենք պետք է ազատվենք այդ ռիսկերից», - հավելել է նախագահը։

Զելենսկին նաև նշել է, որ հակակոռուպցիոն բյուրոն չի ենթարկվի գլխավոր դատախազությանը։

«Շատ կարևոր է, որ հասարակությունը խոսի։ Ես հարգում եմ հասարակության կարծիքը։ Եվ կարծում եմ, որ միանգամայն նորմալ է արձագանքել, երբ մարդիկ ինչ-որ բան չեն ուզում, երբ մարդկանց դա դուր չի գալիս։ Դա նորմալ է։ Մարդիկ իրավունք ունեն ասելու այն, ինչ մտածում են։ Մարդիկ ասել են՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի համաձայն։ Ինձ համար շատ կարևոր էր, որ մենք լսենք և համարժեք արձագանքենք», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում