6 րոպեի ընթերցում
Վրաստանում լույս տեսնող հայկական «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ Վան Բայբուրթյանը հուլիսի 11-ին նշել է ծննդյան 85-ամյակը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Վրաստան» թերթը, Վան Բայբուրթյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ստացել գործընկերների, Վրաստանի պետական, արվեստի և մշակույթի գործիչների, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլիի կողմից։
«Հարգելի պարոն Բայբուրթյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի կապակցությամբ, մաղթում՝ քաջառողջություն և անսպառ եռանդ՝ շարունակելու հայ և վրաց ժողովուրդ-ների բազմակողմ կապերի ամրապնդմանն ուղղված պատասխանատու առաքելությունը, որը հմտորեն իրականացնում եք կես դարից ավելի։ Շարունակեք մշտապես գնահատված լինել՝ որպես Թբիլիսիի պատվավոր քաղաքացի և միաժամանակ երկու ժողովուրդների զավակ, ում համար կարևոր են եղել ու կմնան նրանց բարեկամությանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները»,-ասված է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի շնորհավորական ուղերձում։
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվելդիանին իր ուղերձում նշել է, որ գնահատում է այն մեծ ջանքերը, որոնք Բայբուրթյանը ներդնում է Վրաստանի հայախոս բնակչությանը տեղեկացնելու և իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
«Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակը շնորհավորում է Ձեզ` տարեդարձի կապակցությամբ և արտահայտում
իր խորին հարգանքը։ Գնահատում ենք այն մեծ ջանքերը, որոնք դուք ներդնում եք Վրաստանի հայախոս բնակչությանը տեղեկացնելու և իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ձեր ղեկավարությամբ «Վրաստան» թերթը ներկայացնում և մասսայականացնում է Վրաստանի մշակութային բազմազանությունը՝ նպաստելով մեր երկրում քաղաքացիական ինտեգրման ամրապնդմանը։ Մաղթում ենք Ձեզ առողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր ապագա գործունեության մեջ՝ ի բարօրություն մեր երկրի»,- ասված է նախարարի ուղերձում։
Բայբուրթյանին 85-ամյակի առթիվ շնորհավորել են նաև «Ասավալ-Դասավալի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Նադարեիշվիլին, «Վրաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Քոբուլիան՝ առանձնակի շեշտելով նրա մարդկային բարձր հատկանիշներն ու ընկերասիրությունը և գնահատելով նրա անխոնջ ծառայությունը Վրաստանի հասարակությանը, ինչպես նաև նրա ներդրած ավանդը՝ հայ-վրացական բարեկամությունը խթանելու գործում։
Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին իր ուղերձում ընդգծել է Բայբուրթյանի նշանակալի ներդրումը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում.
«Ծնված լինելով Վրաստանի օրհնյալ երկրում՝ նա լավ գիտի թե' վրացական հողի արժեքը, թե' իր պատմական հայրենիք Հայաստանի մեծ երկրպագուն է։ Նա վաղուց դարձել է երկու ազգերի հավատարմության խորհրդանիշ և հավատարիմ շարունակողն է այն ճանապարհի, որն անցել են Սայաթ-Նովան, Հովհաննես Թումանյանն ու Հայաստանի ընտրյալ որդիները»,- ասված է Վրաստանի գրողների միության նախագահի ուղերձում։
Վան Բայբուրթյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանը։
«Վան Բայբուրթյանը, հիրավի, ամենաճանաչված վիրահայն է, ու դրանով հպարտ ենք՝ կարծում եմ, բոլորս: Ծնունդդ շնորհավոր, բարեկա'մս, ընկե'րս, հարազա'տս, նույնը կարող է ասել ցանկացած հայ, ցանկացած վրացի: Դու արդեն երկար տարիներ «Վրաստան» թերթի ծնունդն ապահովելով՝ վիրահայ մյուս մշակութային ու կրթական օջախներին ամենաճակատագրական պահերին օգնում ու սատարում ես հնարավորությունից դուրս շրջանակներում: Բոլորը սիրում են քո հումորը, իմաստնությունը, որոնք քեզ ուղեկցում են տարվա բոլոր եղանակներին: Դու ամենուր ես, ցանկացած միջոցառման և, տա' Աստված, որ երկար լինես բոլոր հանդիպումներին, մանավանդ՝ հայոց թատրոնի դահլիճում»,- ասված է Բայանդուրյանի շնորհավորական խոսքում:
Վաստակաշատ լրագրողին ու հասարակական-քաղաքական գործչին շնորհավորական ուղերձ է հղել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։
«Ձեր տարիները՝ զարդարված բազմաթիվ կարևոր ձեռքբերումներով, վիրահայության տարեգրության անբաժան մասն են: Քաղաքական, հասարակական Ձեր գործունեությունը՝ մշտապես ուղղված հայ և վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանը, եղել և շարունակում է մնալ ուղենիշ Ձեր սերնդակիցներից շատերի և Ձեզ հաջորդողների համար: Վրաստանում հայ եկեղեցական, կրթական, մշակութային, քաղաքական ու հասարակական կյան քին անաչառորեն արձագանքող «Վրաստան» թերթի հետ, Դուք դարձել եք Վրաստանի հայոց եկեղեցիների, վիրահայ ընտանիքների, հայկական դպրոցների, թատրոնի, պետական ու հասարակական կառույցների սրտացավ անդամներից մեկը՝ մշտապես հավատարիմ մնալով Ձեր սկզբունքներին»,- ասված է Վիրահայոց թեմի առաջնորդի ուղերձում: