Քաղաքականություն

Հայաստանը հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում դեմ չէ գործառույթների արտապատվիրակմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում դեմ չէ գործառույթների արտապատվիրակմանը

Հայաստանի համար շարունակում է քննարկելի հարց մնալ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում գործառույթների արտապատվիրակումը միջազգային որևէ լիցենզավորված ընկերության, եթե գործընթացը իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ 

Սաֆարյանը հաստատել է, որ ապաշրջափակման կոնտեքստում գործառույթների արտապատվիրակումը Հայաստանի համար քննարկելի թեմա է, բայց գործընթացը պետք է իրականացվի այն սկզբունքների պահպանմամբ, որոնց մասին Հայաստանը բազմիցս հայտարարել է. 

«Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։ 

Անդրադառնալով ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան կողմից Հայաստանին և Ադրբեջանին փոխանցված առաջարկների մասին հարցին՝ Մնացական Սաֆարյանն ասել է, որ այդպիսի մի քանի առաջարկ ստացել են տարբեր երկրներից, որոնք քննարկման առարկա են։ Փոխնախարարը հրաժարվեց նշել, թե որ երկրներից են ստացել առաջարկներ։ 

«Քննարկման առարկա են այդպիսի մի քանի առաջարկներ։ Եթե դրանք համապատասխանեն Հայաստանի շահերին և այն սկզբունքներին, որոնք հայտարարել է Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակներում,  կարող են դիտարկվել»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում