ՔԿ-ն հայտնաբերել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներին մեղսագրված գործողությունները հաստատող նոր ապացույցներ
3 րոպեի ընթերցում

«Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ այդ իրերի թվում են են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ:
«Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են: 15 մեղադրյալներ կալանավորված են»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Վազգեն Գալստանյանի (Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) ղեկավարած «Սրբազան պայքար» շարժման շրջանակում նախապատրաստվել են ահաբեկչական գործողություններ և փորձ՝ ՀՀ իշխանության յուրացման նպատակով։ Հաղորդագրության համաձայն՝ շարժման ներսում ձևավորվել էին մինչև 250 հարվածային խմբեր, հիմնականում՝ նախկին զինվորականներից և ոստիկաններից, որոնց նպատակն էր միաժամանակյա կործանիչ գործողությունների միջոցով կաթվածահար անել երկրի կառավարման և տրանսպորտային համակարգը։ Հանցավոր խմբի ծրագրերում ընդգրկված էին՝ տրանսպորտային միջանցքների արգելափակում, էլեկտրամատակարարման և ինտերնետի անջատում, պայթյունների և կրակոցների միջոցով վախի մթնոլորտ ստեղծում, պետական համակարգերի դեմ կիբեռհարձակումներ, ոստիկանության շարժի խափանում և հանրային իշխանության կազմալուծում։
ՔԿ տվյալներով՝ խմբի անդամներն արդեն իսկ ձեռք են բերել հազարավոր հրավտանգ միջոցներ, մետաղական «աստղիկներ» և քարտեզներ՝ գործողությունները համակարգելու համար։ Որպես կենտրոնական կազմակերպիչ հանդես է եկել Վազգեն Գալստանյանը։
Վազգեն Գալստանյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ահաբեկչության, զանգվածային անկարգությունների, իշխանության յուրացման նախապատրաստում։ Նա մեղադրանքները չի ընդունում և դրանք համարում է քաղաքական հետապնդում։