Իրան

Հրադադարի մասին հայտարարությունից հետո Իսրայելը և Իրանը հարվածներ են փոխանակել

2 րոպեի ընթերցում

Հրադադարի մասին հայտարարությունից հետո Իսրայելը և Իրանը հարվածներ են փոխանակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ձեռք բերման մասին հայտարարությունից հետո Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է Իրանից արձակված հրթիռների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ Իրանը վեց հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հարվածի է ենթարկվել Իսրայելի հարավում գտնվող Բեեր-Շևա քաղաքի բնակելի շենքերից մեկը։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 3 մարդ։ Բացի այդ, օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի կենտրոնական և հարավային շրջաններում, բնակիչներին հորդորել են մնալ ապաստարաններում։ 

Թեհրանը ևս գիշերվա ընթացքում հարվածների է ենթարկվել։ Վկայակոչելով տեղի բնակիչներին՝ BBC-ն գրում է, որ մայրաքաղաքում պայթյուններ են լսվել։ Մինչ այդ Իսրայելը Թեհրանի որոշ հատվածների բնակիչներին երեք անգամ տարհանման մասին նախազգուշացում էր տվել։ Առավոտյան ժամը չորսին մոտ, ըստ BBC-ի, պայթյունները դադարել են։ Սա հենց այն ժամն էր, որը նշել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին որպես վերջնաժամկետ Իսրայելի հարվածների դադարեցման և իրենց կողմից ռազմական գործողությունները չշարունակելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ձեռք բերման մասին՝ նշելով, որ շուտով կլինի 12-ժամյա հրադադար, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում