Իրանի վրա միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ 

«Խորապես մտահոգված եմ ընթացիկ զարգացումներով, մասնավորապես Իրանի վրա վաղ առավոտյան տեղի ունեցած միակողմանի հարձակմամբ։ Այս գործողությունը տեղի է ունենում միջուկային բանակցությունների միջանկյալ փուլում և խաթարում է գլոբալ և տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Հայաստանը դատապարտում է այս հարձակումը, անհապաղ դեէսկալացիայի և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ է անում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- գրել է Ալեն Սիմոնյանը։ 

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը՝ դատապարտելով Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը ոտնձգություն է Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ 

 Գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին և նրա շրջակայքին, ինչպես նաև Իրանի այլ քաղաքներին։ Հարվածի թիրախ է դարձել նաև Նաթանզի միջուկային օբյեկետը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր «Վեր հառնող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Հարվածների թիրախում են հայտնվել նաև բնակելի շենքեր։ Զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային ոլորտի մասնագետներ։ Իրանը խոստացել է վճռորոշ պատասխան տալ իսրայելական հարվածներին։

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский