Ժաննա Անդրեասյանն ու Ալի Աքբար Սալեհը քննարկել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցեր

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված շարունակական ու արդյունավետ համագործակցությունը և երկկողմ բարեկամական կապերի ամրապնդումը։

Ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի միջև  կրթամշակութային հարաբերությունները ներկայում դինամիկ զարգացման փուլում են՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Արևելագիտության ինստիտուտի գործունեությունը՝ նշելով, որ ինստիտուտը Հայաստանում իրանագիտության հետազոտական կենտրոններից է, որտեղ իրականացվում են թե՛ լեզվաբանական, թե՛ պատմամշակութային ուսումնասիրություններ։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում իրանագիտության զարգացմանն ուղղված ծրագրերը։

Նախարարը բարձր է գնահատել Իրանի դեսպանության ջանքերը Հայաստանում պարսկերենի ուսուցման խթանման ուղղությամբ՝ նշելով, որ իրականացվում են փոխադարձ ճանաչողությունն ու համագործակցությունը խթանող մի շարք ծրագրեր։

«Համատեղ գիտաժողովները, հետազոտողների փոխայցելությունները և համագործակցային ծրագրերը մեծապես կխթանեն Հայաստանում իրանագիտության զարգացումը, որն արդեն իսկ ամուր հիմքեր ունի»,- նշել է նախարարը։

Նա կարևորել է նաև իրանական գրականության թարգմանության ու հրատարակության խթանումը, ինչպես նաև հայկական գրականության տարածումը Իրանում՝ որպես երկկողմ մշակութային երկխոսության բաղադրիչ։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կարող է հարթակ հանդիսանալ Հայաստանի և Իրանի  հրատարակիչների ու գրողների համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է փոխադարձ այցելությունների կազմակերպումը՝ միտված համագործակցության խորացմանն ու ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը։ 

Նշվել է, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանում իրանագիտության զարգացմամբ։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի  բուհերում սովորող իրանցի ուսանողների ուսումնառությանը,  ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերին, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը։

Կողմերը քննարկել են նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի դասավանդման հարցը՝ կարևորելով է այս ուղղությամբ համագործակցությունը։

Իրանի «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների նշանակությունը։ Նա առանձնակի կարևորել է Իրանում հայկական համայնքի դերակատարումը տարբեր ոլորտներում և ընդգծել Հայաստանում իրանագիտության ոլորտի զարգացման ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն فارسی Русский

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին