Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության ընթացքը

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների  ծրագրի իրականացման ընթացքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրից: 

Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության բարձրացման, ներդրումների ավելացման և սոցիալական կայունության, տնտեսական աճի ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մասնավորապես, դրանք միտված են եղել օրենսդրության կատարելագործման, գիտականորեն հիմնավորված քաղաքականության մշակման, որակի և անվտանգության կառավարման համակարգերի ներդրման, ինստիտուցիոնալ, այդ թվում՝ լաբորատոր կարողությունների հզորացման, հետագծելիության ապահովմանը:

Անդրադարձ է կատարվել սպանդանոցային գործունեությանը, նշվել է, որ իրականացվել են սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների համար նախատեսված տարբեր ծրագրեր: Տեղեկատվություն է ներկայացվել 2024-2025 թթ․ ընթացքում  ՍԱՏՄ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ: Իրականացվել են նաև գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագրեր: Մանրամասներ են ներկայացվել առանձնացված դարակաշարերով կաթնամթերքի վաճառքի, կերային հավելումների պետական գրանցման և ռեեստրի վարման հետ գործընթացների վերաբերյալ: 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումների հայտնաբերման և արձագանքման մեխանիզմներին, վերջիններիս արդյունավետությանը, սպանդանոցային գործունեության հետ կապված օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների բարելավմանը և կարողությունների զարգացմանը: 

Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում