Աշխարհ

Զելենսկին զրուցել է Հռոմի պապի հետ և նրան հրավիրել Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

Զելենսկին զրուցել է Հռոմի պապի հետ և նրան հրավիրել Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ և նրան տեղեկացրել իր երկրում տիրող իրավիճակի մասին։ Նա նաև Հռոմի պապին հրավիրել է Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։

Նա նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինային իր աջակցության համար, ինչպես նաև խնդրել է Վատիկանի աջակցությունը «Ռուսաստան արտաքսված հազարավոր ուկրաինացի երեխաներին տուն վերադարձնելու համար»։

Զելենսկին նաև Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ զրույցում ՌԴ-ի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։

«Ես նրան տեղեկացրել եմ Ուկրաինայի և մեր գործընկերների միջև համաձայնության մասին, որ այսօր (խմբ.՝ մայիսի 12-ին) պետք է սկսվի լիարժեք, առանց նախապայմանների հրադադար՝ առնվազն 30 օրով, ինչպես նաև հաստատել եմ մեր պատրաստակամությունը հետագա բանակցությունների համար՝ ցանկացած ձևաչափով, ներառյալ ուղղակի բանակցությունները, ինչը մենք բազմիցս ընդգծել ենք։ Ուկրաինան ցանկանում է վերջ տալ այս պատերազմին և ամեն ինչ անում է դրա համար։ Ռուսաստանից ակնկալում ենք համապատասխան քայլեր», - գրել է Վոլոդիմիր Զելենսկին։

Նա նաև քահանայապետին հրավիրել է Ուկրաինա՝ շեշտելով, որ այդ այցն «իրական հույս կբերի բոլոր հավատացյալներին, մեր ամբողջ ժողովրդին»։

Մայիսի 11-ին նորընտիր Լևոն 14-րդ պապն իր առաջին կիրակնօրյա քարոզում հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է «իրական, արդար և տևական խաղաղության» համաձայնագիր։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում