Ֆրանսիացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հեռանկարով
2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 2-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող գործիքակազմը.

«Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման և ռազմավարական մի շարք ոլորտների զարգացման ճանապարհով։ Մեր առաջնահերթություններից է խթանել օտարերկրյա ներդրումները՝ ձևավորելով առավել նպաստավոր, ճկուն և կանխատեսելի գործարար միջավայր։ Մենք շահագրգռված ենք սերտ համագործակցությամբ՝ հատկապես ֆրանսիացի գործընկերների հետ, և պատրաստ ենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի իրագործման հնարավորությունները», - նշել է նախարարը։
Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանը, Լիլյա Սիրականյանը և Նարեկ Հովակիմյանը։
Պատվիրակության այցը նախաձեռնվել էր Հայ-Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական Պալատի (CCIFA) կողմից։