Ադրբեջան

Կայա Կալասն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում կայունություն ապահովելու հետ կապված հարցեր

2 րոպեի ընթերցում

Կայա Կալասն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում կայունություն ապահովելու հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպմանը Կալասը նշել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ։ Կարևորելով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում շատ հաջող և արդյունավետ համագործակցությունը՝ Կալասը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Անդրադառնալով տրանսպորտային կապերի թեմային՝ նա ընդգծել է այս համատեքստում Ադրբեջանի դերի կարևորությունը, որը կարևոր տարածաշրջանային պետություն է և գտնվում է կարևոր աշխարհաքաղաքական տարածքում։

Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի վստահելի գործընկերն է և անդրադարձել է Հարավային գազային միջանցքի նշանակալի դերին, որը գործում է արդեն 4 տարի։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում եվրոպական 10 երկրի, այդ թվում՝ ԵՄ անդամ 8 երկրի։ 

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ գազի ոլորտի հետ մեկտեղ Ադրբեջանի և Եվրամիության միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ կան։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև հարավկովկասյան տարածաշրջանում  կայունության ապահովման հարցերի շուրջ։

Իլհամ Ալիևը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում և քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հիմունքներով հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում