Ամերիկացի կինը ձերբակալվել է Facebook-ում մարդու ոսկորներ, գանգեր և կողոսկրեր վաճառելու համար
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կին է ձերբակալվել՝ իր խանութի և Facebook-ի առևտրային հարթակի միջոցով մարդկային մնացորդներ, այդ թվում՝ ոսկորներ և գանգեր գնելու ու վաճառելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է MSN լրատվականը։
52-ամյա Քայմբերլի Շոփերը մեղադրվում է մարդկային հյուսվածքների անօրինական առևտրի մեջ այն բանից հետո, երբ ոստիկանները պարզել են, որ նա իր բիզնեսի՝ «Wicked Wonderland»-ի միջոցով վաճառում է իրական մարդկային ոսկորներ։
Ոստիկանությունը հայտնել է, որ Շոփերը իր ցուցմունքում հայտարարել է, որ դրանք Ֆլորիդայում օրինական են վաճառվել՝ որպես «կրթական մոդելներ»:
Հետաքննությունը սկսվել է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ տեղական մի բիզնես փորձում է վաճառել մարդկային մնացորդներ։ Տրամադրվել են տեղեկություններ խանութի ֆեյսբուքյան էջից, որտեղ ցուցադրվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ՝ գնապիտակներով:
Քննիչները հայտնաբերել են հետևյալ գնացուցակը․
- Մարդու գանգի երկու բեկոր՝ 90 ԱՄՆ դոլար
- Մարդու ուսոսկր և թիակ՝ 90 ԱՄՆ դոլար
- Մարդու կողոսկր՝ 35 ԱՄՆ դոլար
Նաև հայտնաբերվել է ոչ ամբողջական գանգ՝ 600 դոլարով։
Գնորդին կալանավորել են, սակայն մեկ օր անց 7500 դոլար գրավի դիմաց ազատ են արձակել: