Զինվորի տան նոր այցեքարտը. կենտրոնի բակում բացված սրճարանի շահույթը կուղղվի հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը
3 րոպեի ընթերցում

Զինվորի տունը նոր այցեքարտ ունի. վերականգնողական կենտրոնի բակում (հետնամասում) բացվել է ֆրանսիական ոճով բացօթյա պուրակ-սրճարան, որի գործունեությունից ստացված ողջ շահույթը կուղղվի հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սրճարանում կաշխատեն նաև Զինվորի տան շահառու, զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք:
Պուրակ-սրճարանը կրում է հայազգի բարերար Ժան Դադիկյանի կնոջ՝ Մարիոն Դադիկյանի անունը:
Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց, որ կենտրոնի հիմնադրման պահից որդեգրել են միջազգային փորձը՝ բացի բարերարների նվիրատվություններից, պետք է փորձեն լինել ինքնաբավ:
«Քանի որ մեր օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ սոցիալական ձեռնարկատիրություն և սեփական բարեգործական ծրագրերը իրականացնելու հնարավորություն, որոշեցինք, որ հենց այս սրճարանը կգործարկենք: Այն բոլոր այցելուների համար վճարովի է լինելու, և այստեղ ձևավորված ցանկացած շահույթ կուղղվի արդեն մեր տղաների տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը:
Նպատակը ոչ միայն սոցիալական ձեռնարկատիրությունն է, այլ նաև այս գեղեցիկ անկյուն ունենալը, քանի որ մեզ շատ էին ասում, թե ինչո՞ւ ենք Զինվորի տունն այսպես սարքել, այս պատերի վրա ինչո՞ւ ենք գումար դրել, այն օգտագործեիք դեղորայքի վրա, բայց մեր տղաներից մեկն ասաց՝ ինձ այս պատերը բուժեցին»,-նշեց կենտրոնի տնօրենը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ, անդրադառնալով պուրակ-սրճարանի անվան ընտրությանը՝ նշեց, որ բարերար Ժան Դադիկյանը կնոջ հետ բազմիցս այցելել է Զինվորի տուն, և նրանք մշտապես եղել են տղաների կողքին և՛խոսքով, և՛ գործով:
«Այսօր, այս պուրակը բացելով, կարևոր է նշել, որ Մարիոն Դադիկյանը, որը շուրջ մեկ տարի է մեզ հետ չէ, շարունակում է մնալ որպես հայ կնոջ խորհրդանիշ, որը կարողացել է հաղթահարել դժվարություններ և կայացնել բարդ որոշում, քանի որ պարոն Դադիկյանը պատմեց, որ իր երիտասարդ տարիներին նույնպես անցել է նման փորձության միջով, ունեցել է առողջական խնդիր և մեկ տարի գամված է եղել անկողնուն, իսկ իր կինը հավատարիմ անցել է այդ փորձությամբ: Եվ այս պուրակը, կարելի է ասել, նվիրված է այն բոլոր հերոս կանանց, որոնք իրենց կյանքը կապել են մեր տղաներին հետ՝ չնայած իրենց տկարությանը, դժվարությանը և այն բոլոր փորձություններին, որոնք մեր տղաներին բաժին են հասել»,-նշեց Մուրադյանը:
Հայ բարերար Ժան Դադիկյանը նշեց, որ ընդհանրապես չի սիրում ելույթներ ունենալ, բայց խորին շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և ներկա գտնվողներին: