Տնտեսություն

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ենթակառուցվածքները կընդլայնվեն. կոնցեսիոն կառավարիչն առաջարկել է ներդրումային մեծ ծրագիր

4 րոպեի ընթերցում

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ենթակառուցվածքները կընդլայնվեն, ինչը կբերի համապատասխան ծառայությունների որակի բարձրացմանը. կոնցեսիոն կառավարչի՝ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության կողմից առաջարկվել է մեծ ներդրումային ծրագիր: 

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ նշելով, որ ընդլայնման հետ կապված իրավական տիրույթում կան որոշակի հարցեր, որոնք այժմ քննարկման փուլում են:

«Հայաստանի կառավարությունը  և կոնցեսիոն կառավարիչն  ունեն ընդհանուր մոտեցումներ տարբեր հարցերի շուրջ, և հիմա աշխատում ենք իրավական մասի ձևակերպումների վրա, հենց աշխատանքներն ավարտվեն և այս մասով ունենանք շոշափելի արդյունքներ, դրանք  հանրությանը հասանելի կլինեն»,- ասաց Սիմոնյանը: 

Անդրադառնալով օդանավակայանում  նոր  տերմինալ կառուցելու թեմային՝ նախարարի տեղակալը նշեց, որ այդ հարցը ևս ընդգրկված է ներդրումային ծրագրում: 

Իսկ մինչ այդ պատասխանատուներն ամփոփում են ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքերի ցուցանիշները, որոնք 2024 թվականին, կարծես, գոհացուցիչ են եղել։ 

«Ճիշտ է 2023 թվականի համեմատ մի փոքր անկում կար մոտ 1,3 տոկոսով, բայց, ընդհանուր առմամբ, 2024-ին Հայաստանի օդանավակայնների կողմից սպասարկվել է   5,4 միլիոն ուղևոր, որը, եթե համեմատենք 2019 թվականի արդյունքների հետ, բավականին մեծ ցուցանիշ է: 2024 թվականին 5 նոր ավիաընկերություններ են մուտք գործել հայկական շուկա: Հուսով ենք, որ 2025 թվականին նույնպես նոր ավիաընկերություններ կլինեն, որոնք օդային տրանսպորտով ուղևորափոխադրումներ կիրականցնեն դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով»,- նշեց փոխնախարարը:

Միտումները դրական են, և Սիմոնյանը հույս ունի, որ ուղևորահոսքի աճի միտումը կշարունակվի:  

Փոխնախարարը նշեց՝ այս պահին տարբեր ավիաընկերությունների հետ  քննարկումներ են ընթանում մի շարք մեխանիզմների շուրջ՝ ուղղված ինչպես «Զվարթնոց»,  այնպես էլ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում  ուղևորահոսքի աճի խթանմանը: 

Ուղևորահոսքի աճին կնպաստի նաև Եվրամիության «սև ցուցակ»-ից  Հայաստանի դուրս գալը։

Փոխնախարարը  նշեց, որ համատեղ ջանքերով  Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած չորս տասնյակից ավելի թերությունները։   

Եվրամիության «սև ցուցակ»-ից դուրս գալու հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ։ Նախարարի տեղակալի խոսքով՝ գործընթացը երկկողմ է, Հայաստանը պահանջված  ամբողջ տեղեկատվությունը տրամադրել է, այժմ սպասում են ԵՄ գործընկերների արձագանքին:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչը «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդ Էռնեկյանին։ Ընկերությունը «Զվարթնոց» օդանավականի կոնցեսիոն կառավարումը իրականացնում է 2002 թվականից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում