Մեղվաբուծական արտադրանքի աճ ու ոլորտի զարգացում. ինչ աջակցություն է տրամադրում պետությունը մեղվաբույծներին
3 րոպեի ընթերցում

Հայաստանում իրականացվող Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի նպատակն է խթանել մեղվաբուծության ոլորտի զարգացումը և ապահովել գյուղատնտեսության վերականգնումը՝ տեղական տնտեսություններին նոր հնարավորություն տալով։
2024-2025 թթ. իրականացվող փորձնական ծրագրի վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթև Սարգսյանը։

- Տիկին Սարգսյան, որո՞նք են Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի նպատակները և առանձնահատկությունները։
- Ծրագրի առաջնային նպատակը մեղվաբուծության ոլորտի խթանմանն ու զարգացմանն աջակցելն է, որի միջոցով մենք ակնկալում ենք բարձրացնել այս ճյուղի արդյունավետությունը, ինչպես նաև ոլորտի սոցիալ-տնտեսական նշանակությունը: Ծրագիրն ուղղված է նաև սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական ռեսուրսների՝ մեղուների կողմից յուրացվող տարածքների այլընտրանքային ու նպատակային օգտագործմանը: Սա հնարավորություն կտա ապահովել տնտեսությունների կայուն զարգացում, ինչպես նաև՝ մեղվաբուծական արտադրանքի աճ, որը կնպաստի նաև համայնքների սոցիալ-տնտեսական բարելավմանը։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում կարևոր է նաև մեղվաբուծական արտադրանքի՝ հատկապես մեղր արտադրելու հնարավորությունների զարգացումը, ինչը հնարավորություն կտա մեր արտադրանքները դարձնել միջազգային շուկայում ավելի մրցունակ։
-Ի՞նչ աջակցություն է առաջարկում պետությունը մեղվաբույծներին, ի՞նչ միջոցներով կարող են օգտվել ծրագրից։
-Պետությունը այս ծրագրի միջոցով պետք է առաջընթաց ապահովի այնպիսի աջակցությամբ, որը հնարավոր կլինի համամարզային մակարդակով։ Նախատեսվում է, որ երկու տարվա ընթացքում մարզերի բնակչությանը կհատկացվեն ֆինանսական միջոցներ՝ 10 000 մեղվաընտանիք ձեռք բերելու համար։ Մեկ մեղվաընտանիքի արժեքը՝ համաձայն Կառավարության որոշման, կազմելու է 80 000 ՀՀ դրամ (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակներով)։ Մեր ձգտումն է, որ յուրաքանչյուր մեղվաբույծ հնարավորություն ունենա մասնակցելու այս ծրագրին՝ նպաստելով ոչ միայն սեփական տնտեսության զարգացմանը, այլև ոլորտի ընդհանուր աճին։ Ծրագրի նպատակն է մեղվաբույծների շրջանում պաշարների բազմազանացումը, որպեսզի նրանք ապահովեն կայուն և մաքուր արտադրանք՝ բարձրացնելով տեղական տնտեսությունների մրցունակությունը։
-Տիկին Սարգսյան, այս պահին ի՞նչ խնդիրներ կան մեղվաբուծության ոլորտում։ Արդյոք նկատվո՞ւմ են մեղուների մասսայական անկման դեպքեր, և ինչ քայլեր են ձեռնարկվում դրանց կանխարգելման համար։
-Բարեբախտաբար վերջին տարիներին մեղուների անկման մասսայական դեպքեր և հիվանդություններ չեն արձանագրվել։ Պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար մեղվաբուծության կայունությունը և կանխարգելելու ցանկացած հնարավոր վտանգ, որը կարող է սպառնալ ոլորտի զարգացմանը։
Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում 2024-2025թթ. ընթացքում։
