Տեսանյութ

Ապագայի փողը. տնտեսական ազդեցություն. Doing Digital Forum-ը համախմբում է ոլորտների առաջատարներին

3 րոպեի ընթերցում

Միջազգային Doing Digital Forum-ն արդեն երրորդ տարին անընդմեջ ապրիլի 3-ին Հայաստանում կհամախմբի աշխարհում առաջատար կազմակերպությունների, թվային փոխակերպումների ոլորտի հայտնի դեմքերի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշեց, որ Doing Digital Forum-ը հավակնում է դառնալ միջազգային միջոցառում, որը ծնունդ է առել Հայաստանում։

«Հիմնադրելով  Doing Digital Forum-ը, մենք նպատակ ունեինք ստեղծել Հայաստանում ծնված միջոցառում, որը կդիրքավորվի որպես միջազգային և կնպաստի միջազգային փորձը մեր երկիր բերելուն և լուսաբանելու մեր փորձը տարբեր երկրներում ու Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելու որպես թվային փոխակերպման հաբ»,- ասաց Սիմոնյանը:

Նա կարևորեց Հայաստանում առկա տեխնոլոգիական, նորարական լուծումների փորձին, խնդիրներին, մարտահրավերներին ու հաջողություններին, ինչպես նաև միջազգային փորձին անդրադառնալը։ 

«Ֆորումի հիմնադրման նպատակն, առհասարակ, հայ հասարակությանը թվային փոխակերպման՝ անասելի արագությամբ տեղի ունեցող փոփոխություններին նախապատրաստելն էր։ Առանձնահատկություններից էր  նաև այն, որ ֆորումը եկավ հենց միջազգային ձևաչափով՝ ունենալով բարձրագույն ստանդարտներ բոլոր ուղղություններով՝ թե՚ միջոցառման կազմակերպման որակի, թե՚ խոսնակների և կոնտենտի ներգրավման, թե՚ տարբեր հետաքրքիր լուծումներ, նորություններ բերելու, ինչպես նաև ապագայամետ լինելու տեսանկյունից»,- ընդգծեց ֆորումի հիմնադիրը։

Մեկտեղելով ոլորտի առաջատար փորձագետների, քաղաքականություն մշակողների և նորարարների՝ միջոցառումը կքննարկի այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ թվային արժույթները, ֆինթեքը և աշխարհում տնտեսությունների փոխակերպումը՝ ֆինանսական տեխնոլոգիաների ազդեցությամբ։

Ֆորումի գլխավոր խոսնակն այս տարի շվեյցարաբնակ Գերդ Լեոնհարդն է՝ աշխարհի 10 լավագույն ֆուտուրիստներից, ով կանդրադառնա այն հիմնասյուններին, որոնց վրա հիմնված է լինելու ֆինանսատնտեսական ապագան և նրան, թե, առհասարակ, ուր կհասնի աշխարհը 2030 թվականին։

Բացի այդ, որպես խոսնակ հանդես կգան Amazon Web Services ընկերության կորպորատիվ տեխնոլոգ Մատիաս Բրեյթլինգը, Visa ընկերության թվային ռազմավարության ղեկավար Էնդրյու Թրուոնգը և այլոք։

Ինչպես նախորդ տարիներին, ֆորումին ներկայացված կլինի հեղինակավոր խորհրդատվական ընկերություն՝ ի դեմս բրիտանական Edgar, Dunn & Company-ի: 

Մեր զրուցակցի խոսքով՝ այս տարի Doing Digital Forum-ի օրակարգի առանցքում կլինի ապագայի փողը և դրա ազդեցությունը տնտեսության վրա։ 

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, իսկ տեխնոլոգիական գործընկերը՝ Amazon Web Services-ը: 

Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը։ 

Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի՝ Arca-ն ֆորումի ազգային գործընկերն է։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում և փոդքասթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում