Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների, սակայն Ադրբեջանից արձագանք դեռ չկա․ փոխարտգործնախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների, սակայն Ադրբեջանից արձագանք դեռ չկա․ փոխարտգործնախարար

Հայաստանն արդեն հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ սկսել բանակցություններ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի կազմակերպման շուրջ, սակայն պաշտոնական արձագանք Բաքվից դեռևս չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Ցավոք, անցյալ փորձից էլ պետք է ասեմ, որ երբ մենք մեկ քայլ առաջ ենք գնում, հակառակ կողմից հաճախ հաջորդում են բարդացումներ, սադրանքներ, երբեմն նույնիսկ երկու քայլ հետ։ Սա նոր գործելաոճ չէ։ Մյուս կողմից՝ դիտարկենք միջազգային արձագանքները․ 58 երկիր և շուրջ տասը միջազգային կազմակերպություն արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Շատերն ընդգծել են հենց Հայաստանի կարևոր դերը այս գործընթացում»,-նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանն արդեն հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ սկսել քննարկումներ ստորագրման ժամկետների, վայրի և տեխնիկական հարցերի շուրջ։ 

«Այդ հայտարարությանը դեռևս արձագանք չկա, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանք նոր են արվել և անմիջապես բարդ էր պատկերացնել ակտիվ գործողություններ։ Շարունակում ենք խաղաղության օրակարգը, շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ միջազգային ասպասարեզում այդ ուղղությամբ»,-ասաց փոխնախարարը։

Մարտի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները համատեղ հայտարարությամբ տեղեկացրել էին, որ կողմերը վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է սկսել քննարկումներ փաստաթղթի ստորագրման ժամկետների և կազմակերպչական հարցերի շուրջ։ Բազմաթիվ երկրներ արդեն արձագանքել են և ողջունել այս զարգացումը՝ հույս հայտնելով, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում