Ստամբուլի քաղաքապետի կալանավորումն ուղեկցվել է ցույցերով ու բախումներով
2 րոպեի ընթերցում

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումից հետո ամբողջ գիշեր Թուրքիայի մեծ քաղաքներում շարունակվել են բողոքի ցույցերն ու ոստիկանության հետ բախումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Reuters-ը, հազարավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի շենքի և գլխավոր դատարանի շենքի մոտ շաբաթ երեկոյան:
Չնայած երրորդ օրն անընդմեջ շարունակվող ցույցերի մեծ մասը խաղաղ է եղել, սակայն դրանք ուղեկցվել են նաև ոստիկանների ու ցուցարարների բախումներով:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի իշխանությունները բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալել են 323 մարդու, ինչի մասին կիրակի վաղ առավոտյան հայտարարել է Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Ավելի վաղ՝ հայտնի դարձավ, որ թուրքական դատարանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել:
Դատարանը հայտնել է, որ 54-ամյա Իմամօղլուն և առնվազն 20 հոգի բանտարկվել են կոռուպցիոն հետաքննության շրջանակներում, որոնցից մեկն անցած շաբաթ բացվել է նրա դեմ:
Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ Իմամօղլուն ձերբակալվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք ստանալու, յուրացումների, անձնական տվյալների ապօրինի գրանցման և ֆինանսական հետաքննության հետ կապված հանրային մրցույթներ կեղծելու համար: