ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի 15-ին. ԵՏՀ նախարար
2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ստացել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական ծանուցումը այն մասին, որ ավարտվել են բոլոր ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար։
«Համաձայնագրի դրույթների համաձայն՝ անհրաժեշտ ընթացակարգերի ավարտը հաստատող նոտաների փոխանակումից հետո փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար սահմանված է 60-օրյա ժամկետ։ Այսպիսով, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ին»,- Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նշել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Նախարարի խոսքով՝ նոր համաձայնագրի իրականացումը կդառնա երկկողմ առևտրի զարգացման արդյունավետ գործիք և արդեն մոտ ապագայում կօգնի փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել ռեկորդային 12 միլիարդ դոլարի, ինչը մոտ երկու անգամ կգերազանցի առկա ծավալները։
2019 թվականից ի վեր ուժի մեջ է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը, որը սահմանափակ քանակությամբ ապրանքների համար հիմք էր ստեղծում ազատ առևտրի գոտու ձևավորման համար։
2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրվեց լիարժեք ազատ առևտրի համաձայնագիր, որը նախատեսում է գրեթե 90% ապրանքային անվանացանկի համար մաքսազերծման ռեժիմի վերացում։
Ավելի վաղ՝ 2025 թվականի հունվարին, Իրանի կողմին ուղարկվել էր ծանուցում այն մասին, որ ԵԱՏՄ-ում ևս ավարտվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։