ՀՀ էկոնոմիկայի նախարարը սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևորում է արդար և թափանցիկ մրցակցության առկայությունը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի դիտարկմամբ՝ արդար և թափանցիկ մրցակցությունն արժեքներ է ստեղծում ոչ միայն կազմակերպությունների, շուկայի, պետության համար, այլև արժեքներ է ստեղծում սպառողի համար, քանի որ վերջինս հնարավորություն է ունենում հասանելիություն ստանալ բարձր որակի ապրանքներին ու բարձրորակ ծառայություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Գևորգ Պապոյանը նման տեսակետ հայտնեց Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
Պապոյանը նշեց, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը շատ կարևոր հանգամանք է՝ ընդգծելով, որ սպառողների իրավունքների և մրցակցության պաշտպանությունը միմյանց հետ շատ սերտ փոխկապակցված են։
Ըստ նախարարի՝ որքան պաշտպանված է մրցակցությունը, որքան զարգացած է մրցակցային միջավայրը, միանշանակ այդքանով պաշտպանված են սպառողների իրավունքները և հակառակը` չի կարող սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը արդյունավետ լինել մի միջավայրում, որտեղ չկա մրցակցություն, չկա ազատ մրցակցություն, հետևաբար սրանք շատ մեծ, սերտ փոխկապվածություն ունեն։
«Արդար և թափանցիկ մրցակցությունը ոչ միայն արժեքներ է ստեղծում կազմակերպությունների, շուկայի, պետության համար, այլև էական արժեքներ է ստեղծում սպառողի համար, որովհետև սպառողը հնարավորություն է ունենում հասանելիություն ունենալ բարձր որակի ապրանքների, բարձր որակի ծառայությունների ստացման, և այդ կոնտեքստում մենք մեր առջև նպատակ ենք դնում ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր սպառող կարող է վստահ լինել, որ մրցակցությունը հավասար է, իսկ իր իրավունքները պաշտպանված են»,-ընդգծեց Էկոնոմիկայի նախարարը՝ հավելելով, որ սա առաջին հերթին նպաստում է բարեխիղճ տնտեսական գործունեության ստեղծմանը և զարգացմանը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի տնտեսության զարգացման համար։
Նրա դիտարկմամբ՝ տնտեսությունը չի կարող արդյունավետ և երկարաժամկետ զարգանալ մի միջավայրում, որտեղ տնտեսական մրցակցության պաշտպանության կանոնները հստակ չեն սահմանված և չեն ապահովվում շուկայի բոլոր մասնակիցների եւ պետության կողմից։
«Այս կոնտեքստում ես ուզում եմ նշել, որ սպառողների պաշտպանությունը նաև անմիջականորեն կապված է մեր ստանձնած հանձնառությունների հետ, և այստեղ մենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք Եվրոպական միության հետ։ Այս համատեքստում կարևոր է ոչ միայն այն, թե մենք ինչքանով ենք համապատասխանեցնում մեր օրենքները եվրոպական օրենքներին, այլ նաև այն, թե պրակտիկայում որքանով ենք մենք դրանք արդյունավետ կիրառում»,-շեշտեց Պապոյանը։
Նախարարը նաև վստահություն հայտնեց, որ այս ուղղությամբ առկա են շատ լավ աշխատանքային, գործընկերային հարաբերություններ և՛ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, և՛ Եվրոպական միության գործընկերների հետ։
«Այստեղ կառավարությունը, եվրոպական մեր գործընկերները և սպառողները իրար հետ շատ լավ աշխատում են, և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների հետ ևս շատ լավ աշխատանքային միջավայր ունենք, որի նպատակն է անընդհատ բարելավել ոլորտում և՛ օրենսդրությունը, և՛ դրա պրակտիկ կիրառումը»,-նշեց նախարարը։
Նա կարծիք հայտնեց, որ ոլորտում շարունակական աշխատանք է հարկավոր, որովհետև սպառողների ակնկալիքները շարունակաբար մեծանում են։