Տնտեսություն

Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։  

Նախագծի իրականացման համար կատարվող ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել նավթամթերքի մի շարք տեսակների վերջնական տեղական արտադրություն՝ ապահովելով ավելի քան 100 աշխատատեղ և նախագծի կայացման ողջ գործընթացում ներգրավելով տարբեր ոլորտների շուրջ 400 մասնագետների։

Ներդրումային ծրագրով փուլային եղանակով նախատեսվում է կառուցել նավթամթերքի և բիտումի պահեստարաններ, բիտումի արտադրամաս, ածխաջրածինների վերամշակման կայան, կազմակերպել նավթամթերքի տարբեր տեսակների տեղական արտադրություն։

Հատկանշական է, որ բիտումի արտադրության ծավալների ամբողջական իրացումը հնարավորություն կտա ապահովել այդ արտադրանքի ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանային պահանջարկը։ 

«Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին։

«Մեր քաղաքականության ամենակարևոր հարցերից մեկը տնտեսապես ավելի շատ բարդ արտադրանք ստանալն է, այսինքն՝ պարզ հումքային արտադրությունից անցում կատարել դեպի վերջնական ապրանքների արտադրություն։ Այս համատեքստում գործարանը ևս այս քաղաքականության կրողն է, որովհետև կիսաֆաբրիկատները, ըստ էության, վերջնական արտադրանքի են վերածվելու, ինչը շատ կարևոր է», ֊ ամփոփելով շրջայցի արդյունքները` նշել է Գևորգ Պապոյանը։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում