ԵՏՀ-ն մոնոբլոկային օդորակիչների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը սահմանել է 8%` երկու տարի ժամկետով
2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մոնոբլոկային օդորակիչների համար գործող զրոյական դրույքաչափի փոխարեն սահմանել ներմուծման մաքսատուրքի 8% դրույքաչափ՝ երկու տարվա ժամկետով։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցամամբ՝ Մոսկվայում մեկնարկած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին՝ ԵՏՀ մաքսատուրքային և ոչ մաքսատուրքային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Վահագն Ղազարյանն այս կապակցությամբ նշել է, որ ընդունված մաքսատուրքային կարգավորման միջոցառումը միտված է ԵԱՏՄ-ում արագ զարգացող տրանսպորտային օդորակիչների արտադրության ոլորտի աջակցմանը, որը ծառայում է երկաթուղային և ավտոմոբիլային մեքենաշինական ձեռնարկությունների կարիքներին:
Նա ընդգծել է, որ ներկայում տեղական արտադրողները լուրջ մրցակցային անհավասարության պայմաններում են՝ պայմանավորված ներմուծվող պատրաստի արտադրանքի և դրա բաղադրիչների մաքսատուրքերի միջև առկա անհամամասնությամբ։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ հաճախ պատրաստի օդորակիչների ներմուծումն ավելի էժան է, քան դրանց արտադրությունը ներքին շուկայում։
«Միևնույն ժամանակ, մեր բիզնեսն ակտիվ ներդրումներ է կատարում ոչ միայն օդորակիչների հավաքման ոլորտում, այլև այն տեխնոլոգիաների զարգացման մեջ, որոնք դեռևս բացակայում են, այդ թվում՝ դրանց հիմնական բաղադրիչների արտադրության», – հավելել է Վահագն Ղազարյանը։
Որոշումն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր անց։