Մշակույթ

Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի Պարգը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում կներկայացնի Պարգը՝ Survivor երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում կազմակերպված համերգային ծրագրից հետո, որը տեղի ունեցավ փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգն ուղիղ հեռարձակեց Հանրային հեռուստաընկերությունը:

Հաղթողն ընտրվեց Հանրային հեռուստաընկերության, միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Նա վաստակեց 214 միավոր:

Բացի Պարգից նախագծին մասնակցում էին Աթենա Մանուկյանը, Անահիտ Ադամյանը, Անահիտը և Գասոյան, Արսեն Գրիգորյան և Կամիլ նախագիծը, Գևորգ Հարությունյանը, Մելս Դանիելյանը, Միլենա Միրիջանյանը, Սիմոնը, Սևագիրը, Ֆլորա Բիչախչյանը,  ALTSIGHT-ը:

«Եվրատեսիլ 2025» երաժշտական մրցույթը տեղի կունենա մայիսին Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկակելու իրավունքը ստացել է 2024 թվականին մրցույթում շվեյցարացի Նեմոյի հաղթանակից հետո։ 

«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան մայիսի 13-ին, 15-ին և 17-ին St. Jacobshalle-ի արենայում: 

«Եվրատեսիլ»-ը մի քանի անգամ անցկացվել է Շվեյցարիայում։ Առաջին անգամ Շվեյցարիան մրցույթը հյուրընկալել է 1956-ին: Այն կազմակերպվել է երկրի իտալախոս Լուգանո քաղաքում, 1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում, իսկ այժմ երաժշտական ​​մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում