Սպորտ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր անելիքները Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

3 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր անելիքները Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է առաջիկա 4 տարիներին ֆեդերացիայի գործունեության իր տեսլականը: 

«Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել եմ մի քանի պատճառով: Դեռևս 2018 թվականից հետո սպորտի հետ անմիջական առնչություն եմ ունեցել և սպորտի գլխավոր պատասխանատուն ես էի: Այդ թվականից սկսած՝ սպորտում փոփոխություններ արել ենք, սակայն այստեղ դեռ շատ անելիքներ կան: Մենք ֆեդերացիաներում նոր մարդկանց ներգրավելու խնդիր ունենք: Սպորտի հետ առնչություն ունեցող մարդիկ չեն ներգրավվում ֆեդերացիաներում, և ես իմ մտքում միշտ եմ ունեցել` որևէ ֆեդերացիայի օրինակով ցույց տալ, թե ինչպես եմ պատկերացնում լավ կազմակերպված ֆեդերացիայի աշխատանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հարությունյանը: 

Ֆեդերացիայի նորընտիր նախագահն առանձնացրեց, որ առաջիկա 4 տարիների համար՝ մինչև Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերը, ֆեդերացիան ձգտելու է զգալի առաջընթաց ունենալ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, առավել լավ արդյունքներ, քան ֆեդերացիան մինչ այս գրանցել է: Անդրադառնալով ֆեդերացիայի բյուջեին` Հարությունյանը շեշտեց, որ ֆեդերացիաները հույսը չպետք է կապեն միայն կառավարությունից ստացվող միջոցների հետ, այլ կողմնակի եկամուտներ ունենան:

«Ֆեդերացիայում պետք է լինի պատասխանատվության հստակ համակարգ` սկսած ֆեդերացիայի նախագահից մինչև մարզիչներ և այլն: Այն համակարգերում, որտեղ չկա պատասխանատվություն, դրանք արդյունավետ չեն կարող լինել: Մեծ հաշվետվողականություն պետք է լինի նաև ծախսվող յուրաքանչյուր դրամի համար: Մեր մեծագույն խնդիրը, որը Փաշիկ Ալավերդյանի և նախկին ղեկավարության շնորհիվ լուծվել է, խթանիչ միջոցների օգտագործումն է: Այստեղ մեր պայքարը պետք է շարունակվի, իսկ պայքարը պետք է լինի անողոք»,-շեշտեց նա:

Ֆեդերացիան առաջիկայում առաջնահերթ աշխատանքներ կտանի Հայաստանի ներքին առաջնությունների կազմակերպման ուղղությամբ:  

«Ինձ համար մեծ պատիվ է, հպարտություն, որ այսօր ծանրամարտի աշխարհում ընդամենը մայրցամաքային առաջնություն կազմակերպելով՝ հասել ենք նրան, որ դրա մասին խոսվում է, ինչպես աշխարհի առաջնության մասին կխոսվեր: Վստահեցրել եմ մեր գործընկերներին, որ մենք 2027 թվականի աշխարհի առաջնությունն էլ ավելի բարձր մակարդակով ենք կազմակերպելու»,-ասաց նա:

Հարությունյանը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Հրաչյա Ռոստոմյանին` կատարած աշխատանքի համար:  

«Ֆեդերացիայում մարզչական քննարկումներ չենք ունեցել»,-ասաց նա:

Հունվարի 22-ին կայացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հերթական ժողովը, որի ժամանակ ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում