Տնտեսություն

Պետք է կարողանանք շարունակաբար մեծ ներդրումներ բերել Հայաստան. նախարար

2 րոպեի ընթերցում

Պետք է կարողանանք շարունակաբար մեծ ներդրումներ բերել Հայաստան. նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունում արվող ներդրումները կառավարության սահմանած թիրախի շրջանակում են, սակայն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եղածը բավարար չի համարում՝ կարևորելով շարունակաբար նոր ներդրումներ ներգրավելը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգ Պապոյանն այս մասին ասել է հունվարի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ։ 

«Մեր ներդրումների համախառն կուտակման ծավալն անցել է 2 տրիլիոն դրամը: 2010-ականներին եղել է 900 մլրդ-1 տրլն 200 մլրդ: 2018 թվականին եղել է 1 տրլն 300 մլրդ: Համախառն կուտակումը Հայաստանում 20.9 տոկոս է»,–ասաց Պապոյանը:

Նախարարը համեմատության համար այլ երկրների ցուցանիշներ ներկայացրեց, օրինակ՝ Վրաստանում 21.5 տոկոս է, Իռլանդիայում, որն աշխարհի ամենաարագ զարգացող պետություններից է՝ 23.2 տոկոս: Ըստ նրա՝ այս առումով Հայաստանը բավականին լավ ցուցանիշ ունի: 

«Օտարերկրյա ուղղակի ներդրումների մակարդակը 2008 թվականից անընդհատ իջել է մինչև 2020 թվականը: 2021-ին ՕՈՒՆ-ի զուտ պարտավորությունների ստանձնումը՝ 370 մլն դոլար, 2022-ին՝ 980 մլն դոլար, 2023-ին՝ 580 մլն դոլար: 2024-ը չի ամփոփվել: 2018-ին եղել է 180 մլն դոլար, 2017-ին՝ 250 մլն դոլար»,-ասաց Պապոյանը: 

Նախարարը նշեց՝ կան ներդրումներ, սակայն եղածն իրեն չի բավարարում:  

«Որպեսզի ունենանք կայուն տնտեսական աճ, այս պատկերը պետք է պահպանվի: Թիրախում ենք, բայց պետք է պահենք ու բարձրանանք: Մեծ նպատակներ ենք մեր առաջ դրել: Պետք է կարողանանք շարունակաբար մեծ ներդրումներ բերել Հայաստան: Ներդրումներ բերելն այն սցենարն է, որ մեզ կապահովի և ֆինանսական, և տնտեսական կայունություն»,-ասաց նախարարը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում