Տնտեսություն

Պետության թիրախն է 2025-ին ունենալ 5.5 տոկոս տնտեսական աճ. Ամուլսարի հանքի չաշխատելու դեպքում աճն ավելի ցածր կլինի

2 րոպեի ընթերցում

Պետության թիրախն է 2025-ին ունենալ 5.5 տոկոս տնտեսական աճ. Ամուլսարի հանքի չաշխատելու դեպքում աճն ավելի ցածր կլինի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը թիրախ է սահմանել 2025-ին ունենալ 5.5 տոկոսի շրջակայքում տնտեսական աճ, եթե Ամուլսարի հանքը չաշխատի, տնտեսական աճն ավելի ցածր կլինի: 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան 2024-ի ամփոփիչ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Անդրադառնալով 2024-ի ցուցանիշին՝ նախարարն ասաց. «Ենթադրում ենք, որ պետք է ունենանք մոտ 5.8 տոկոսի շրջանակում տնտեսական աճ»:

Պապոյանն ասաց, որ 2025-ի համար ի սկզբանե կանխատեսվել էր 5.6 տոկոս տնտեսական աճ, սակայն հետագայում  Ֆինանսների նախարարությունը մի փոքր նվազեցրել է:

«Եթե Ամուլսարի հանքը չաշխատի, իհարկե, տնտեսական աճը կլինի ավելի ցածր: Եթե աշխատի Ամուլսարը, ապա տնտեսական աճը ոչ միայն այս, նաև հաջորդ տարիներին կվերանայենք ավելի բարձր ուղղությամբ: Ամուլսարի՝ ամբողջական ցիկլով աշխատելու պարագայում մեր ՀՆԱ-ն տարեկան լրացուցիչ 1 տոկոս կաճի: Եվ մեր պետությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար հարկ կստանա: Կստեղծվեն մեծ թվով աշխատատեղեր»,-հավելեց նախարարը:

Նա ընդգծեց, որ Ամուլսարի հանքի աշխատելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն:

«Մենք թիրախ ենք դրել 2025-ին ունենալ 5.5 տոկոսի շրջակայքում տնտեսական աճ»,-ասաց Գևորգ Պապոյանը:

Ավելի վաղ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել էր, որ կառավարությունն աճի իր կանխատեսումներն անելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարվա կեսերից Ամուլսարի հանքն արդեն պետք է գործարկվի: Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման նպատակով վարկի ներգրավման համար կարող է պետական երաշխիք տրամադրել, Ֆինանսների նախարարությունն ուսումնասիրում է հանքը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի տրամադրած փաստաթղթերի փաթեթը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում