Գերմանիայում երեք խոշոր օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով որոշ չվերթներ չեղարկվել են
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյունն ու մերկասառույցն ազդել են Գերմանիայի երեք խոշորագույն օդանավակայանում թռիչքների վրա. որոշ չվերթներ չեղարկվել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն:
«Ելնելով կանխատեսվող եղանակային պայմաններից՝ հունվարի 5-ին սպասվում են թռիչքների սահմանափակումներ և չեղարկում»,-ասվում է Մյունխենի օդանավակայանի կայքում։
Ֆրանկֆուրտի օդանավակայանը նախազգուշացրել է նմանատիպ խափանումների և չեղարկումների մասին առավոտյան ժամերին և ճանապարհորդներին խորհուրդ է տվել ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը՝ նախքան օդանավակայան մեկնելը:
Ֆրանկֆուրտում ստիպված են եղել չեղարկել տարբեր չվերթներ, այդ թվում՝ դեպի Փարիզ, Վենետիկ և Պրահա։
«Կիրակի օրը նախատեսված 1090 թռիչքից և վայրէջքից 120-ը չեղարկվել է»-, գերմանական DPA գործակալությանը հայտնել է «Fraport» օդանավակայանի ներկայացուցիչը:
Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Շտուտգարտի օդանավակայանը նույնպես մի քանի ուշացումներ է արձանագրել եղանակի պատճառով, թեև թռիչքուղին մաքրվել է և պատրաստվել մեկնման համար:
Մյունխենի օդանավակայանի ներկայացուցիչը հայտնում է, որ ձյան տեղումների պատճառով տեսանելիության նվազումը մեծացրել է թռիչքների և վայրէջքների միջև ընկած ժամանակահատվածը, իսկ ինքնաթիռները սառույցից մաքրելու կարիք ունեն: