Եվրոպա

Գերմանիայում երեք խոշոր օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով որոշ չվերթներ չեղարկվել են

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում երեք խոշոր օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով որոշ չվերթներ չեղարկվել են

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյունն ու մերկասառույցն ազդել են Գերմանիայի երեք խոշորագույն օդանավակայանում թռիչքների վրա. որոշ չվերթներ չեղարկվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն:

«Ելնելով կանխատեսվող եղանակային պայմաններից՝ հունվարի 5-ին սպասվում են թռիչքների սահմանափակումներ և չեղարկում»,-ասվում է Մյունխենի օդանավակայանի կայքում։

Ֆրանկֆուրտի օդանավակայանը նախազգուշացրել է նմանատիպ խափանումների և չեղարկումների մասին առավոտյան ժամերին և ճանապարհորդներին խորհուրդ է տվել ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը՝ նախքան օդանավակայան մեկնելը:

Ֆրանկֆուրտում ստիպված են եղել չեղարկել տարբեր չվերթներ, այդ թվում՝ դեպի Փարիզ, Վենետիկ և Պրահա։

«Կիրակի օրը նախատեսված 1090 թռիչքից և վայրէջքից 120-ը չեղարկվել է»-, գերմանական DPA գործակալությանը հայտնել է «Fraport» օդանավակայանի ներկայացուցիչը:

Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Շտուտգարտի օդանավակայանը նույնպես մի քանի ուշացումներ է արձանագրել եղանակի պատճառով, թեև թռիչքուղին մաքրվել է և պատրաստվել մեկնման համար:

Մյունխենի օդանավակայանի ներկայացուցիչը հայտնում է, որ ձյան տեղումների պատճառով տեսանելիության նվազումը մեծացրել է թռիչքների և վայրէջքների միջև ընկած ժամանակահատվածը, իսկ ինքնաթիռները  սառույցից մաքրելու կարիք ունեն:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում