Տնտեսություն

Պետությունը կնվազեցնի բարձր որակավորմամբ մասնագետների աշխատավարձի փոխհատուցման չափը

4 րոպեի ընթերցում

Պետությունը կնվազեցնի բարձր որակավորմամբ մասնագետների աշխատավարձի փոխհատուցման չափը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում կնվազեցնի բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը, նաև ևս մեկ տարով կերկարաձգի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործունեության ժամկետը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում: 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրեց՝ կառավարությունը դեռևս  2020 թվականի մարտին հաստատել էր Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը:  Օժանդակությունը տրամադրվում է նպատակային վարկի կամ լիզինգի տարեկան տոկոսադրույքի 6-10 տոկոսի սուբսիդավորման ձևով:

2022 թվականի մարտից մինչև 2024թ դեկտեմբերի 1-ը ծրագրի շրջանակում կնքվել է 6559 պայմանագիր՝ 341.8 մլրդ դրամ ընդհանուր պորտֆելով:  Նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված պորտֆելի 82 տոկոսն ուղղվել է փոքր ու միջին ձեռնարկատիրությունների ֆինանսավորմանը:

«Հաշվի առնելով ծրագրի մեծ պահանջարկը, հնարավոր շահառուների մեծ թվաքանակը, ինչպես նաև նախանշված նպատակները՝ առաջարկվում է նպատակային ծրագրի վերջնաժամկետը երկարաձգել՝ սահմանելով 2025թ դեկտեմբերի 31-ը: Առաջարկվում է նաև խորհրդատվական, աուդիտորդական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական, աուդիտորդական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունը»,-ասաց Պապոյանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել էր Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել ՀՀ-ում գործող ընկերությունների արտադրողականությունը՝ տնտեսավարողներին աջակցելով ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների: Նպատակային ծրագրի շրջանակներում փոխհատուցվում է տնտեսավարողների կողմից ներգրավված բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20-70 տոկոսը:

2023 թվականի հունվարից մինչև 2024թ դեկտեմբերի 1-ը շուրջ 60 կազմակերպությունից ստացվել է 763 հայտ: Այս պահին շահառու կազմակերպությունները  45-ն է՝ 510 բարձր որակավորում ունեցող մասնագետով:

«Առաջարկվում է շահառուների ցանկից հանել ֆինանսական և ապահովագրական գործունեություն և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին: Ֆինանսական և ապահովագրական գործունեությունն ունի բարձր ինքնաֆինանսավորման հնարավորություններ՝ շնորհիվ առկա եկամուտների և շահութաբերության մակարդակի: Իսկ մեծածախ և մանրածախ առևտուրը համարում ենք, որ խիստ մրցակցային է և հաճախ ցածր հավելյալ արժեք ստեղծող ոլորտ է: Բացի այդ բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը նվազեցնում են՝ 20-ի փոխարեն սահմանելով 10, 50-ի փոխարեն՝ 30, 70-ի փոխարեն՝ 50»,-ասաց Պապոյանը՝ հավելելով, որ շահառուների 95-ից ավելի տոկոսը բարձր տեխնոլոգիական ոլորտն է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում