ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում այս տարվա 10 ամսում՝ հունվար–հոկտեմբերին, իրականացվել է 484 մլրդ 545.9 մլն դրամի շինարարություն՝ 15.5 տոկոսով աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը 2025-ին Երևանում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի դուրս գալով պայմանավորված՝ շինարարության ծավալների որոշակի դանդաղում է սպասում, իսկ երևանամերձ մարզերում՝ ակտիվացում:
Տնտեսագետը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
Հայաստանում 10 ամսում իրականացված շինարարության գրեթե կեսը՝ 48.9 տոկոսը՝ 236 մլրդ 735.5 մլն դրամի, իրականացվել է կազմակերպությունների միջոցներով: Իսկ 22.5 տոկոսը՝ 109 մլրդ 375.4 մլն դրամի շինարարությունը, պետական բյուջեի միջոցներով:
Հայաստանում 2021-ի վերջին ընդունվել էր օրենք, որով սահմանվել էր, որ որոշակի ժամանակացույցով հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի կիրառությունն աստիճանաբար պետք է դադարեցվի Երևանում: 2024-ը ծրագրի գործունեության վերջին տարին է Երևանում: Այսինքն՝ 2025-ից այլևս հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի:
«Երևանում շինարարության ծավալների աճն ավելի մեծ չափով պայմանավորված է եկամտային հարկի վերադարձի իրավական կարգավորմամբ, երբ կառավարությունը սկսեց աստիճանական սահմանափակումներ մտցնել: Դրան զուգահեռ հիփոթեքային վարկավորման ծավալներն են աճել: Դա ցույց է տալիս, որ շինարարության աճի պատճառները հիմնականում պայմանավորված են այդ հանգամանքով»,-ասաց Աղաբեկյանը:
Տնտեսագետը հիփոթեքային վարկերի ծավալների ավելի արագ աճ է սպասում նաև դեկտեմբերին, քանի որ 2024-ը եկամտային հարկի հետվերադարձի ծրագրի վերջին տարին է Երևանում:
«Երևանում շինարարության ծավալները կդանդաղեն: Դա որոշակիորեն կանդրադառնա անշարժ գույքի շուկայի ու հիփոթեքային վարկավորման վրա: Մնացած մարզերում, ենթադրում եմ, որ կարող է որոշակի ակտիվացում լինի»,-ասաց նա՝ հավելելով, որ դա կնպաստի մարզերի զարգացմանը:
Տնտեսագետը, սակայն, չի շտապում կանխատեսումներ անել մարզերում շինարարության աճի տեմպի հետ կապված: Նա հավելեց՝ մարզերի համաչափ զարգացման խնդիր կա: «Երևանի համեմատ՝ մարզերում կենսամակարդակի բևեռացվածություն կա: Ծրագրի շահառուները հիմնականում միջին և ավելի բարձր խավն են, քանի որ իրենք պետք է որոշակի չափով եկամտային հարկ գեներացնեն, որով կարողանան վճարում անել: Շատ փոքր եկամուտով բնակչության մեծ մասն իրականում չի կարողանալու օգտվել այդ ծրագրից: Սակայն մարզերում բնակարանների գները կարող են ավելի ցածր լինել»,-ասաց Աղաբեկյանը:
Այնուամենայնիվ, տնտեսագետը ենթադրում է, որ մարզերում շինարարությունը կակտիվանա, այլ հավասար պայմաններում պետք է ակտիվանա: Նա ընդգծեց՝ Երևանում ծրագրի գործողությունը սահմանափակելն ու մարզերում շարունակելը պայմանավորված է հենց մարզերում զարգացումը խթանելու մտադրությամբ:
Թե ծրագիրն ինչ հետաքրքրություն կունենա մարզային բնակչության շրջանում՝ նա ասաց. «Իմ կարծիքով՝ Երևանի մերձակայքում հնարավոր է որոշակի աճ տեսնել: Բայց ավելի հեռավոր մարզերում, որոնք իրենց տնտեսական զարգացման ներուժով, մակարդակով տարբերվում են, չեմ կարծում, թե մեծ փոփոխություն կլինի: Ենթադրում եմ, որ հիմնական փոփոխությունը կլինի Երևանի մերձակա շրջաններում»,–ասաց տնտեսագետը:
Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թվականի հունվարի 1-ից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ի հունվարի 1-ից՝ մյուս մարզերում:
Նա նկատեց՝ ԿԲ-ից ևս հայտարարում են, որ անշարժ գույքի շուկան գերտաքացած վիճակում է: Ըստ գնահատականների՝ գները մինչև 30 տոկոսով գերագնահատված են անշարժ գույքի շուկայում՝ մեծ պահանջարկի արդյունքում:
Արդյոք Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումը կազդի՞ անշարժ գույքի շուկայում գների վրա՝ տնտեսագետն ասաց. «Պետք է հասկանանք, թե որքանով են շինարարական կազմակերպությունները՝ կառուցապատողները, հասցրել իրենց բնակարանները վաճառել: Այնուամենայնիվ, որոշակիորեն գների նվազում պետք է տեսնենք, քանի որ այն մեծ պահանջարկը, որ կար, նվազելու է: Գները ձևավորվում են առաջարկի, պահանջարկի արդյունքում: Եվ, եթե պահանջարկը նվազում է, առաջարկի մասով ոչինչ չի փոխվում, հետևաբար գները պետք է որոշակի նվազման միտում ունենան»: