Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարը Շիրակում շրջայցի ընթացքում արձանագրել է մի շարք խնդիրներ

2 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարը Շիրակում շրջայցի ընթացքում արձանագրել է մի շարք խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 21-ին աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի և Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ հետևել է Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներին, ծանոթացել առկա իրավիճակին։

Շրջայցի ընթացքում նախարարն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն․ դրանց առնչությամբ տեղում տրվել են հանձնարարականներ:

Մասնավորապես՝ նախարարն արձանագրել է, որ էլեկտրական սյուների ներկայիս վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային բարեկարգված միջավայրին, և անհրաժեշտ է դրանք կա’մ տեղափոխել այլ վայր, կա’մ փոխարինել այնպիսի սյուներով, որոնք կլինեն միջավայրին համահունչ ու չեն խաթարի ընդհանուր տեսքը։

Նա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները չեն կարող համարվել ավարտված, քանի որ զբոսաշրջային պատշաճ միջավայրն ապահոված չէ։

Նախարարությունից հիշեցրել են, որ Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցների վերակառուցման ծրագիրն իրականացվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով», որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում