ՄՈՍԿՎԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցնող տարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքները տրանսպորտի ոլորտում ուղղված են եղել ծառայությունների շուկայի ոլորտային գործառնությանը և ենթակառուցվածքների զարգացման աջակցմանն ուղղված գործնական քայլերի իրականացմանը։
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը:
«Կառավարությունների ղեկավարները հաստատել են 2024-2026 թվականների համար տրանսպորտային քաղաքականության իրականացման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է 33 կետ։ Օրինակ, նախատեսված են միջոցառումներ ԵԱՏՄ երկրների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների «նեղ կետերի» ցանկի կազմման և դրանց վերացման առաջարկությունների մշակման համար։ Բացի այդ, նախատեսվում է ԵԱՏՄ իրավական դաշտի հետագա կատարելագործում՝ էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի ներդրման նպատակով»,- նշել է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նոր ճանապարհային քարտեզը 2018-2020 և 2021-2023 թվականների ճանապարհային քարտեզների տրամաբանական շարունակությունն է։
Արզբեկ Կոժոշևի խոսքով՝ ստորագրվել է ԵԱՏՄ երկրների ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, առանցքային բեռնվածքների և չափսերի մասին համաձայնագիրը, որն ուղղված է ԵԱՏՄ երկրների բեռնափոխադրումների պայմանների ներդաշնակեցմանը։
«Տրվել է e-CMR էլեկտրոնային միջազգային բեռնատար վավերագրերի պիլոտային ծրագրի իրականացման մեկնարկը, որը նախատեսված է ԵԱՏՄ երկրների տարածքում միջազգային բեռնափոխադրումների համար։ Ծրագրի իրականացումը կնպաստի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների թվայնացմանը, ինչպես նաև կկրճատի տրանսպորտա-լոգիստիկ, մաքսային և վերահսկողության ընթացակարգերի ծախսերը»,- նշել է նախարարը։
Խոսելով օդային տրանսպորտի մասին՝ Կոժոշևը նշել է, որ այդ մասով կառավարությունների ղեկավարները հստակեցրել են ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունների՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտի առանձին ասպեկտներ։ Բացի այդ, մինչև տարվա վերջ նախատեսվում է հաստատել միջոցառումներ, որոնք կօգնեն որոշ ընթացակարգերի ներդաշնակեցմանը՝ վտանգավոր բեռների փոխադրման և ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության հատուկ թույլտվությունների ձևակերպման ու տրամադրման համար։ Սա վերաբերում է միջազգային ավտոմոբիլային փոխադրումներին այն ճանապարհներով, որոնք ընդգրկված են եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկում։