Երևանը կունենա շուրջ 30 հեկտար տարածքով քաղաքային նոր այգի
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հա տարածքում կհիմնվի քաղաքային նոր այգի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Բեգոյանի խոսքով՝ տարածքի մի մասում այս գարնանն արդեն իրականացվել են քանդման աշխատանքներ, սակայն դեռևս առկա է 36 զավթված հողատարածք, որոնցում գտնվում են տնակներ։
«Տարածքում առկա են նաև փոքր թվով պտղատու ծառեր, որոնք պահպանվելու են։ Մնացած ծառերը, որոնք չոր են, դուրս կբերվեն»,-նշեց Արմեն Բեգոյանը։
Նախագծի համաձայն՝ նոր այգին ունենալու է սպորտային ուղղվածություն։ Հաստատումից հետո կսկսվեն նախագծման աշխատանքները, իսկ զավթված տարածքների ազատումից հետո կմեկնարկի կառուցման գործընթացը, որը կտևի մոտ երկու տարի։