Մշակույթ

Խոսքի և երաժշտության ազատություն՝ արվեստի մթնոլորտոմ. Լիլիթ Պիպոյանը հանդես կգա բացառիկ համերգով

10 րոպեի ընթերցում

Խոսքի և երաժշտության ազատություն՝ արվեստի մթնոլորտոմ. Լիլիթ Պիպոյանը հանդես կգա բացառիկ համերգով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը, որի հոգեթով երաժշտությունն ու կատարումները մշտապես ջերմացնում են ունկնդրին, դեկտեմբերի 14-ին Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում կներկայանա բացառիկ համերգային ծրագրով, որի շրջանակում կհնչեն ինչպես սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիլիթ Պիպոյանը պատմել է կայանալիք համերգային ծրագրի, իր ոգեշնչումների և անելիքների մասին։   

-Տիկին Պիպոյան, կարծես թե վերջին շրջանում Ձեզ հաճախ չենք տեսնում բեմում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Ստեղծագործական դադա՞ր է։  

-Վերջերս ոչ թե պակասեցրել եմ իմ ելույթները, այլ ավելացրել եմ, պարզապես դադարել եմ մեդիայում երևալ։ Երկու տարի առաջ 16 երգից բաղկացած ձայնասկավառակ եմ  թողարկել բազմաթիվ երաժիշտներով. այն ռադիոյում եմ ձայնագրել, հիմա հաջորդ սկավառակն եմ պատրաստում, կրկին ռադիոյում եմ ձայնագրում, ամռանը Թուրքիայում մասնակցել եմ «Երաժշտական գյուղ» նախագծին, որի շրջանակում տարբեր ազգերի ներկայացուցիչների ծանոթացրել եմ Կոմիտասի ստեղծագործություններին, սովորեցրել եմ Կոմիտաս երգել, օգոստոսից մինչև սեպտեմբեր երեք համերգով եմ ներկայացել, ինչը քիչ չէ։ Սպասվող համերգը ևս ավելի շուտ պետք է լիներ, որոշ հանգամանքներ խանգարեցին, այնպես որ նման տպավորություն է ստեղծվել, քանի որ չեմ գովազդում այդ ամենը, լուսանկարներ չեմ հրապարակում համացանցում։

-Ասացիք՝ նոր երգեր եք ձայնագրել և ձայնագրում եք։ Համերգին ի՞նչ ստեղծագործություններ են հնչելու։  Նորություններ կլինե՞ն։

-Վերջին տարիներին գնացել եմ երաժշտական համագործակցությունն ընդլայնելու ճանապարհով, քանի որ սիրում եմ նաև գործիքավորման գործընթացը, ներգրավում եմ լարային քառյակ, կիթառ, սաքսոֆոն, ֆլեյտա և այլ երաժշտական գործիքներ, սակայն իմ փորձառությունը երաժիշտների հետ հոգնեցնող էր, որովհետև չկարողացա գտնել համախոհների, որոնք կհամաձայնվեին համագործակցել ինձ հետ սակավ համերգների պարագայում։ Երաժիշտները եղել են սեսիոն։ Կոնկրետ համերգից առաջ զանգում եմ այս կամ այն երաժշտին, և աշխատում ենք։ Երբեմն տպավորություն է, որ ամեն անգամ զրոյից եմ սկսում։ Հոգնելով այդ ամենից՝ այս համերգին որոշեցի վերադառնալ իմ ելույթների նախնական  ձևաչափին, երբ ես մենակ էի բեմում։ Այնքան լավ եմ զգում այդ ձևաչափում, քանի որ ազատ եմ, կարիք չունեմ հետևելու երաժիշտներին, բայց երգերից հինգի կատարման ընթացքում ինձ հետ բեմում կլինի ֆլեյտահար Նարեկ Ավագյանը։ Կատարելու եմ վերջին տարիներին գրված երգեր, ավելի վաղ շրջանում ձայնագրած գործեր, կլինեն նաև ստեղծագործություններ, որոնք երբեք չեն հնչել։ 

-Հարցազրույցներից մեկում ասել եք, որ Երևանում շատ լավ ակուստիկա ունեցող դահլիճները քիչ են։ Այս համերգին ելույթ եք ունենալու Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Աթոռներ կլինեն՝ նախատեսված  հարյուր հոգու համար։ Շատ չէ, բայց  հիշենք, որ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի դահլիճում ևս տեղերն այդքան են, սակայն այնտեղ երբեք ինձ հարմար չեմ զգացել։ Ինձ համար կարևոր է ոչ թե հանդիսատեսի թիվը, այլ մթնոլորտը։ Ձիթողցյանի արվեստանոցում շատ լավ մթնոլորտ է, իսկ սրահը փոքր չէ, բավականին մեծ է, աթոռներ հնարավոր է ավելացնել։ Ավելի լավ է երեք անգամ ելույթ ունենալ հարյուր հանդիսատեսի առաջ, քան մեկ անգամ՝  3 հարյուր հանդիսատեսի առաջ, բայց դահլիճը լինի ոչ ֆունկցիոնալ։ Ձիթողցյանի արվեստանոցում արվեստային միջավայր է։ Ես նաև ճարտարապետ եմ, իմ հայրը նկարիչ էր, ուստի կերպարվեստ շատ եմ սիրում։ Ցանկալի է, որ համերգին գան մարդիկ, որոնք արվեստին հաղորդակից են. ինձ շատ է գրավում այդ վայրը։

-Ձեր երաժշտությունը վաղուց եմ լսել, տարիքի հետ տարբեր կերպ եմ այն ընկալել։ Գիտեմ, որ երբեմն պոեզիայից եք ոգեշնչվում, բանահյուսությունից, ինչպես Դուք եք ասում, հաճախ երգում եք այն, ինչը քիչ է հնչել և այլն։ Հետաքրքիր է՝ հիմա ի՞նչ գրականություն եք կարդում, ի՞նչն է Ձեզ ոգևորում։

-Հազվադեպ կարդում եմ հայ ժամանակակից պոեզիա,  որոշ հետաքրքիր տեքստեր եմ փնտրում, գտել եմ լավ բաներ, բայց երգ դարձնելու փորձ չեմ արել։ Տարիների ընթացքում ինքս եմ բանաստեղծություններ գրել, որոնցից մի քանիսը երգ են դարձել։ Պատանեկության, երիտասարդության տարիներին կարդալն ինձ համար գերագույն հաճույք էր, բայց հիմա մի քանի էջից գիրքը թողնում եմ։ Գուցե, կյանքի փորձ եմ ձեռք բերել, և դա է պատճառը, բայց ինձ դուր չի գալիս, չեմ հավանում։ Փորձում եմ ժամանակակից ամերիկյան գրականություն կարդալ, հայ հեղինակների, բայց չեմ կարողանում դիմանալ ո՛չ  ֆիզիկապես, ո՛չ էլ գաղափարի առումով։ Թող մեծամիտ չհնչի, բայց կյանքի այնպիսի փուլ եմ մտել, որ սահմանափակում եմ և՛ մարդկային շփումները, և՛ արվեստը, և՛ փորձում եմ դիմադրել տեղեկատվական հոսքին։ Ցանկանում եմ միայն գլուխգործոցների հետ առնչվել, փորձարարական բաներն ինձ չեն հետաքրքրում։ 

-Հավանաբար այդ երևույթը կոչվում է գնահատել սեփական ժամանակը։

-Այո՛, կա նման բան։ Փորձում եմ ժամանակս չվատնել։

-Մի առիթով նշել եք, որ ցանկանում եք օտար բույրերն ու առհասարակ օտարությունը դուրս գան Երևանից, քաղաքը սառի ու դառնա այն, ինչ կա։ Իսկ ինչպիսի՞ն է իրական Երևանը Ձեզ համար, որտեղ, ինչպես «Երևան» երգում է ասվում, Ձեր սերն է ապրում և Ձեր հոգին է թափառում։

-Այդ երգի հեղինակը Վահրամ Թաթիկյանն է։ Շատ վաղուց նա խնդրեց, որ երգեմ այն, և ես մեծագույն սիրով եմ կատարում այդ ստեղծագործությունը։ Թաթիկյանն է ինձ բեմ բարձրացրել որպես մեներգիչ. մինչ այդ ես երգչախմբում էի երգում։ Թաթիկյանը մահացավ հինգ տարի առաջ։ Վերջերս նրա 75-ամյակն էր, և այս համերգին կատարելու եմ նրա երգերից հինգը՝ որպես նվիրում ու խոնարհում նրա հիշատակին։ Ինչ վերաբերում է Երևանին, պետք է փաստել, որ քաղաքի բնույթը փոխվել է։ Այն մտերմիկ քաղաք էր, հիմա դարձել է ագրեսիվ, ավելի աղմկոտ, Երևանում տուրք է տրվում խրախճանքին։ Այն այդ ուղղությամբ է զարգանում, նույնիսկ չէի ասի՝ վայելքի, որովհետև լայն իմաստով վայելքի տեղեր գրեթե չկան,  ուտելու հետ է կապված ամեն բան։ Կենտրոնում եմ ապրում ու անընդհատ դա եմ տեսնում։ Փառատոններ  և այլ միջոցառումներ են կազմակերպվում, և ասես ամեն բան ստամոքսի շուրջ է պտտվում։ Դա փոխում է քաղաքի մեղմությունը, այն դարձել է մակերեսային, ցուցադրական։ Հուսամ՝ մի կետում կանգ կառնի այդ ամենը ու քաղաքը ոչ թե հետ կգնա, այլ կվերադարձնի մտերմիկությունը, որովհետև դա այն բանն է, որը ժամանակակից աշխարհում քիչ է ու շատ թանկ է։ Եթե Երևանը կարողանա վերադարձնել այդ որակն ու պահպանել այն, կդառնա աշխարհի ամենահանճարեղ քաղաքներից մեկը։  

-Հուսանք՝ այդպես էլ կլինի։ Տարիներ առաջ օրորների մի ամբողջ շարք էիք գրել, սակայն չէր ստացվում ձայնագրել...

- Օրորները ձայնագրեցի երկու տարի առաջ։  Շատ գեղեցիկ ստեղծագործություններ են։ Այդ  օրորները հասանելի են և՛ սփոթիֆայում, և՛ Յութուբում։ Իմ վերջին՝ Borderless ալբոմը ևս հնարավոր է գտնել այդ հարթակներում։ 

-Երբ Ձեր կենսագրությանն էի ծանոթանում, իմացա, որ երաժշտական դպրոցում դաշնամուր նվագել եք սովորել, հետո Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում եք շարունակել կրթությունը նույն ուղղությամբ, սակայն մենք սովոր ենք Ձեզ տեսնել կիթառի ընկերակցությամբ։ Դաշնամուրին վերադառնալու ցանկություն չե՞ք ունենում։ 

-Շատ տեղին է հարցը, որովհետև դեկտեմբերի 14-ի համերգին դաշնամուրի առաջ եմ լինելու։ Իրականում կիթառ այնքան էլ լավ չեմ նվագում և միշտ այդ բարդույթն ունեցել եմ, որ լավ կիթառահար չեմ, ուստի, ձայնագրություններ անելիս, հրավիրում եմ պրոֆեսիոնալների։ Հետաքրքիր է՝ Զեմֆիրան իր հարցազրույցներից մեկում ևս խոստովանել է, որ իրեն լավ կիթառահար չի համարում։ Դաշնակահարի կրթություն ունեմ ու դաշնամուրի առաջ ինձ ավելի լավ եմ զգում։  

465371005_1101361451993656_3712299372417851934_n.jpg

Սպասվող համերգը բացառիկ է։ Նման համերգի մարդիկ վաղուց չեն եղել, որովհետև այն ազատության աստիճանը, որ լինելու է, վաղուց չի եղել. իմպրովիզացիոն ազատություն եմ ինձ տալու, խոսքի ազատություն, երաժշտության իմաստով՝ ևս։ Երգացանկը ևս բացառիկ գեղեցիկ է։ Այն մարդիկ, որոնք ինչ-որ կերպ առնչվել են ինձ հետ, թող այս համերգը բաց չթողնեն, որովհետև սրա նմանը շատ տարիներ չի եղել։ 

-Շնորհակալ եմ, տիկին Պիպոյան։ Անմոռանալի համերգ եմ մաղթում։ 

-Ես ևս շնորհակալ եմ։

Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Պիպոյանը 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում