ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության նորանշանակ դեսպան Համուդ Ալ-Թովայային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք իր առաքելության ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Օմանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հսկայական ներուժն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Նշվում է, որ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև անդրադարձ է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումներին: