Քաղաքականություն

Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ

3 րոպեի ընթերցում

Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն Արթուր Պողոսյանին նշանակեց Քննչական կոմիտեի նախագահ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արթուր Պողոսյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում:

Արթուր Պողոսյանը կառավարության նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեց քննչական կոմիտեի նախագահի  պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու համար: «Հավաստիացնում եմ, որ մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս ու գիտելիքներս ծառայեցնելու եմ Հայաստանում օրինականության ամրապնդման, իրավակարգի հաստատման և քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացման գործին: Վստահեցնում եմ, որ իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առաջ հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ և նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը»,-ասաց Պողոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հատկապես դատաիրավական համակարգում տեղի ունեցող խմորումների, բարեփոխումների առանցքում հետևյալ լեյտմոտիվը կա. «Մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է, որ Հայաստանում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում, և արդարություն ու արդարադատություն հասկացությունները լինեն համարժեք: Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը պետք է լինեն նույնական»:  

Վարչապետը հավելեց, որ դա միայն Քննչական կոմիտեի լուծելու խնդիրը չէ, բայց ակնհայտորեն Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում:  

Արթուր Պողոսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ 

Նրանց թվում էին Գնել Սանոսյանը` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից, Վահե Ղազարյանը` Ներքին գործերի նախարարի, Ռուստամ Բադասյանը` ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը` Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Կարեն Անդրեասյանը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոններից: 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22–ին հայտնել էր, որ պատրաստվում է  Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին: Անդրադառնալով քննարկումներին, թե Պողոսյանի անունը կապվում է հնարավոր կոռուպցիոն գործերի հետ՝ նա հայտնել էր, որ այդ ահազանգերը կստուգվեն, որից հետո միայն որոշում կկայացվի: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում