Ինովացիա

Հանդիսավոր պայմաններում նշվեց Հայաստանում համացանցի ներդրման և «.am»-ի ստեղծման 30-ամյա հոբելյանը

6 րոպեի ընթերցում

Հանդիսավոր պայմաններում նշվեց Հայաստանում համացանցի ներդրման և «.am»-ի ստեղծման 30-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային դոմենի՝ «.am»-ի և այն կառավարող «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցավ հոբելյանական հանդիսավոր արարողություն, որին հրավիրված էին Հայաստանում ինտերնետի զարգացման և «.am»-ի հայկական դոմենային տիրույթի ստեղծման և ընդլայնման գործի երախտավորները, մարդիկ, ովքեր 1990-ականների ցուրտ ու մութ տարիներին գիտակցում էին համացանցի կարևորությունը, հավատում երկրի ապագային։  

«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը ՏՏ ոլորտում գրանցել է զգալի առաջընթաց և այսօր վերածվել է յուրատեսակ հաբի, որտեղ հայ մասնագետների ծառայությունները պահանջված են և նրանց գործունեությունը բարձր է գնահատվում ամբողջ աշխարհում։ Նա հավելեց, որ այսօր ինտերնետը ծածկում է ՀՀ տարածքի 84 տոկոսը և պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ հարյուր տոկոսանոց բացարձակ արդյունքի հասնելու համար։ 

«Նվիրյալ ու պրոֆեսիոնալ աշխատանքի պատմություն է մեր կազմակերպության 30-ամյա գործունեությունը։ Հայաստանն ինտերնետով ապահովելու գաղափարն այլևս իրականություն է, ու մեծ պատիվ է այդ գործի ակունքներում լինելը։ Անչափ ուրախ ենք տեսնել այն առաջընթացը, որ համացանցը բերել է մեր կյանքի տարբեր ոլորտներ։ Ինչպես տարիներ առաջ, այժմ էլ վստահ ենք, որ այն կրթության, զարգացման բացառիկ հնարավորություններ է ընձեռում մեր սերունդներին, ու պետք է շարունակենք մեր ջանքերն այդ հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ»,- նշեց Մկրտումյանը։

Անդրադառնալով կազմակերպության անցած ուղուն՝ նա հավելեց, որ գիտական շրջանակներում ի սկզբանե արդեն բոլորը հասկանում էին համացանցի անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Դա նաև սուվերենության ցուցանիշներից էր արդեն։ Հայաստանը պետք է ունենար ամեն ինչ իր անունով, այլ ոչ թե օգտվեր ուրիշի անուններից։

«Ներկայումս Հայաստանը համարվում է դոմեն ունեցող առաջադեմ երկրներից մեկը։ Չնայած մեր դոմենների թիվն այնքան էլ մեծ չէ, բայց մեր առաջնային նպատակը քանակը չէ։ Արտասահմանյան ռեգիստրար կազմակերպություններ չունենք, մեր դոմենի վերջնագրանցումն իրականացնում են բացառապես հայկական ընկերությունները։ Գերադասում ենք, որ շուկան հայկական ռեգիստրարներն օգտագործեն ու զարգացնեն, իրենք էլ զարգանան։ Դոմենը կառավարելու առումով, անշուշտ, կան մարտահրավերներ։ Այն չպետք է դառնա աղբանոց՝ թրաֆիկինգի և այլ անընդունելի երևույթների զարգացման միջավայր։ Պետք է աշխատել մարդկանց հետ, զարգացնել նրանց թվային հմտությունները, պատրաստել նրանց, որպեսզի համացանցն իրոք ծառայի հենց այն նպատակին, որին մենք ի սկզբանե ձգտում էինք»,- ասաց Մկրտումյանը։ 

«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանն իր հերթին նշեց, որ առաջնային անելիքներից են «.am»-ի ճանաչելիության բարձրացումն ու գրանցումների ավելացումը։ Մարդիկ պետք է իրազեկված լինեն, թե ինչ հնարավորություններ է տալիս տիրույթը, ինչու է պետք գրանցել «.am»-ը, ինչու է անհրաժեշտ դոմենային անունը, ինչու պետք է պահել իրենց բիզնեսին վերաբերող տեղեկությունները հայկական տիրույթում։

«Մեր տեխնիկական խմբի ջանքերով փորձնական կարգով արդեն գործարկել ենք լիովին հայատառ էլփոստը, և մեր այս լուծումը նախորդ տարի Երևանում մեր իսկ ջանքերով գումարած տարածաշրջանային համաժողովում լուրջ ուշադրության արժանացավ, քանի որ շատ երկրներ դեռևս այս խնդիրը լուծելու ճանապարհին են։ Ուրախալի է նաև, որ այս տարվա մեր Ռեգիտոնին ներկա էին և ICANN-ի ներկայացուցիչները, և մեր ռեգիստրարները հնարավորություն ստացան հենց միջազգային կորպորացիայի մասնագետներից ստանալ իրենց հուզող շատ հարցերի պատասխանները։ Մենք տեխնիկապես ու անվտանգության առումով բարձր դիրքերում ենք։ Այստեղ միայն դոմենի հարցը չէ, գրանցումների մեծ քանակն աշխարհում ավելի մեծ ճանաչում է բերում ինչպես տիրույթին, այնպես էլ երկրին»,- ասաց Հակոբյանը։  

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց հոբելյանի առիթով պատրաստված «Համացանցի մեր տիրույթը՝ .am 30» խորագրով փաստավավերագրական ֆիլմը և ներկայացվեց նույնանուն հատուկ հրապարկում-ամսագիրը։ Ամփոփվեցին նաև «Վիքի.հայ» ամենամյա մրցույթի արդյունքները։ Պարգևատրվեցին «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության խմբագիրները, հատուկ մրցանակի արժանացան Արգամ Հակոբյանն ու Մհեր Բեքարյանը։ «Հասկացություններ» նոմինացիայի առաջին մրցանակի դափնեկիրներ դարձան Արշալույս Այվազյանը, Արմինե Աղայանը, Ալավա Սահակյանը, երկրորդ և երրորդ տեղի մրցանակակիրներ դարձան՝ Անի Գրիգորյանը, Մարի Ավետիսյանը, Էմիլի Մելիքյանը։ Շնորհակալագրեր հանձնվեցին «Հայաստանը համացանցին կապելու և այն զարգացնելու գործում մեծ ավանդ ներդրած անձանց, կազմակերպություններին և գործընկերներին։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից շնորհակալագիր ստացավ նաև «Արմենպրես»-ը՝ Հայաստանում ինտերնետի զարգացման գործում արդյունավետ համագործակցության  համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում