ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի խորհրդարանի 30 ընդդիմադիր պատգամավորներ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թամար Կորձայան։
Ավելի վաղ Սահմանադրական դատարան նույն պահանջն էր ներկայացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ընդդիմադիրները խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարում են կեղծված և պահանջում են միջազգային հետաքննություն և նոր խորհրդարանական ընտրություններ։
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդիմության՝ ընտրությունների արդյունքների ենթադրյալ կեղծման մեղադրանքների վերաբերյալ, սակայն ընդդիմադիրների մեծ մասը չի համագործակցում գերատեսչության հետ։