ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը բարձրաստիճան պաշտոնյանների պաշտոնանկությունները կապում է իշխանության կողմից նոր իմիջ ձևավորելու փորձերի հետ։
«Իշխանությունը փորձում է, այսպես կոչված, նոր դեմքով հանդես գալ: Այս քայլը դիտարկում եմ նախընտրական տրամաբանության մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց Աբրահամյանը:
Մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։ Նոյեմբերի 18-ին հրաժարականի մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից և Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ազատման դիմումներ են գրել կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս հայտարարել է պաշտոնից իր հրաժարականի մասին:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի Կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Արդեն նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։