Քաղաքականություն

Իմ համբերության բաժակը լցվել է. վարչապետն անդրադարձել է իրավապահ համակարգի գործունեությանը

5 րոպեի ընթերցում

Իմ համբերության բաժակը լցվել է. վարչապետն անդրադարձել է իրավապահ համակարգի գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունն է արտահայտել դատական, իրավական, ուժային համակարգի աշխատանքի նկատմամբ՝ շեշտելով, որ համապատասխան կառույցներում կատարված մեծածավալ ներդրումները պետք է հասարակության համար տեսանելի արդյունք ունենան։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը թեմայի մասին խոսեց ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ։ 

«Վերջին ամիսներին մենք հաճախ քննարկում ենք երկրում հանցավորության վիճակը, և այս խնդիրը մենք պետք է ավելի ու ավելի խորը հասկանանք։ Մի կողմից պարզ է, որ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հանցավորությունների հաշվառման նոր համակարգ են դրել, ընդ որում հիմա կան մասնագետներ, որոնք ասում են, որ այդ համակարգն ընդհանրապես վատն է և պետք է փոխել դա, որովհետև նաև քաղաքական խնդիր է առաջանում», - ասաց վարչապետը։

Փաշինյանը շատ մեծ խնդիր համարեց հրազենի գործադրմամբ հանցագործությունների աճը։ 

 «Շատ մեծ խնդիր եմ համարում, որ մարդիկ իրար վրա կրակում են։ Ոստիկանության և մեր իրավապահ համակարգի արդյունավետությունը հենց սրանով է չափվում։ Չենք կարող նստել և ասել, թե պարզ է, որ պետք է կրակեն։ Ո՛չ պարզ չէ, և չպետք է կրակեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ ոստիկանության բարեփոխումները հենց սրա համար են, որպեսզի այդ բոլոր հարցերը լուծվեն։

Վարչապետը շեշտեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո հասարակությունն ակնկալել է, որ արդարադատությունն իրականացվելու է ոչ թե ինստիտուցիոնալ իրավական ճանապարհով, այլ ուրիշ մեթոդներով։ Նրա խոսքով՝ դրա քաղաքական հնարավորությունը եղել է, բայց կառավարությունը որոշել է գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով։ 

Վարչապետի խոսքով՝ հասարակությունը որոշ ժամանակ անց սկսել է հարցեր ուղղել Կառավարությանը՝ ակնկալելով արդարություն։

«Իրավապահ համակարգին հրավիրում ենք, ասում ենք՝ բա ի՞նչ եղավ, ասում են՝ դե գիտեք այս չունենք, այն չունենք։ Մենք ասում ենք՝ շատ լավ։ Հիմա, եթե վեց բան թվարկել են, որ չունեն, դրանցից առնվազն չորսը մենք տվել ենք դատաիրավական համակարգին։ Հիմա մեզ պետք են արդյունքներ։ Չնայած նրան, որ թոշակների խնդիր կա, սոցիալական խնդիր կա, մենք դատաիրավական, իրավապահ համակարգի աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, սարքեր-սարքավորումներ ենք ձեռք բերել, ավտոմեքենաներ ենք առել, օրենքներ ենք փոխել՝ բայց էլի լսում ենք բացատրություններ», - նշեց Փաշինյանը՝ նկատելով, որ ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ վարչապետը չի ստորագրում։

Նրա խոսքով՝ սա լրջագույն քաղաքական խնդիր է, որը պետք է լուծում ստանա։

«Ես երեք տարի առաջ էլ եմ ասել, չորս տարի առաջ էլ եմ ասել, որ կոռուպցիոներները սրճարաններում, ռեստորաններում առավոտից երեկո քեֆ են անում, այսօր էլ եմ ասում։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն ենք սխալ անում, կամ ի՞նչ չենք տվել մեր իրավապահ համակարգին։ Նորից այդ նույն մարդիկ, որոնք հանրապետությունում, ներողություն այս բառապաշարի համար, «ճռիկներ-վռիկներ» էին անում, այդ նույն մարդիկ այդ նույն բանը հիմա էլ են անում են: Նրանք, ովքեր մյուսներին վերևից էին նայում, այդ նույն բանը նորից անում են։ Սա չի կարող շարունակվել։  

Լավ, ես կարող եմ համբերել․ մի տարի համբերեմ, երկու տարի համբերեմ, երեք տարի համբերեմ, չորս տարի համբերեմ։ Հարգելի գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ՝ ես ոնց որ «քյասիբի» ռադիո լինեմ, գալիս եմ ձեր միջոցառումներին ելույթ ունենում, խոսում եմ, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում գնում եմ: Հետո հաջորդ տարի գալիս եմ, ելույթ եմ ունենում, էլ ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում գնում եմ, ո՞վ է ում ձեռ առնում՝ ուզում եմ հասկանալ։ Սրա վերջը եկել է: Ես էլ բան չունեմ տալու։ Այն, ինչ ինձնից ուզել եք, տվել եմ, չեմ միջամտել ոչ մի բանի, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ» - իր խոսքում շեշտեց վարչապետը։

Նա հավելեց, որ նման իրավիճակներում հասարակության մոտ պետության թույլ լինելու ընկալում է ձևավորվում։ 

«Ո՞նց կարող է պետության մեջ ընդհանրապես որևէ մեկը թպրտալ, ո՞նց կարող է այդպիսի բան լինել։ Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ, ես որոշումներ եմ կայացնելու», - եզրափակեց վարչապետը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում