Տնտեսություն

Ինտենսիվ այգիներ հիմնած անձանց փոխհատուցման համար անհրաժեշտ է լրացուցիչ 1 մլրդ դրամից ավելի գումար. բյուջեում վերաբաշխում կարվի

3 րոպեի ընթերցում

Ինտենսիվ այգիներ հիմնած անձանց փոխհատուցման համար անհրաժեշտ է լրացուցիչ 1 մլրդ դրամից ավելի գումար. բյուջեում վերաբաշխում կարվի

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարությունը վերաբաշխում կանի և լրացուցիչ 1 մլրդ դրամից ավելի գումար կհատկացնի Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շրջանակում փոխհատուցում տրամադրելու նպատակով:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու մասին որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում:  

Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2025թթ ծրագրի փոխհատուցման բաղադրիչով մասնակից շահառուների կողմից ներկայացվել է այգեհիմնումն ավարտելու և փոխհատուցում ստանալու 19 դիմում, իսկ ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքներն ավարտել և փոխհատուցման դիմում են ներկայացրել 2 շահառու:  Ընդհանուր 21 շահառուների փոխհատուցման գումարը կազմում է 1 մլրդ 415 մլն 407 հազար դրամ: 

«Ներկա պահին միջոցառման տարեկան ճշտված պլանով առկա է մոտ 219 մլն դրամ, որը չի բավարարում շահառուներին փոխհատուցում հատկացնելու համար: Ուստի անհրաժեշտ է լրացուցիչ 1 մլրդ 148 մլն դրամ՝ 66.7 հա այգեհիմնման և 48 մլն 225 հազար դրամ՝ 260.9 հա ոռոգման արդիական համակարգերի հիմնման փոխհատուցումը իրականացնելու համար: Ֆինանսական միջոցներն առաջարկվում է տրամադրել նախարարության այլ ծրագրերից»,–ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Նախարարը նաև նշեց, որ հաջորդ 5 տարիներին վերահսկողական միջոցառումներ են իրականացնելու, խնդիրներ նկատելու դեպքում կա՛մ պահանջելու են վերացնել դրանք, կա՛մ պետության մասնաբաժինը հետ են պահանջելու: «Լինում են դեպքեր, երբ 3-րդ, 4-րդ տարում տեսնում ենք, որ այգու մի հատվածը չորացած է կամ պատշաճ խնամված չէ: Այդ մասով պետության գումարը հետ ենք պահանջում»,-նշեց Պապոյանը:

Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով՝ պետության կողմից վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, իսկ ոռոգման արդիական համակարգերի կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման կամ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանց ներդնելու դեպքում՝ նաև ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում